«Ռոսկոմնադզորը» «ՎԿոնտակտեն» «սև ցուցակ» է մտցրել

«Ռոսկոմնադզորը» մայիսի 24-ին ռուսական «Վկոնտակտե» սոցցանցը մտցրել է կայքերի միասնական «սև ցուցակ»։ Ինչպես հաղորդում է ռուսական «Վեդոմոստի» թերթը, այս մասին տեղեկությունը հայտնվել է երեխաների համար վնասակար տեղեկատվություն պարունակող ռեսուրսների միասնական ռեեստրի կայքում․ այն կարելի է գտնել՝ որոնելով vk.com։ Ըստ օրենքի՝ ինտերնետ ռեսուրսն ունի երեք օր՝ խախտումները վերացնելու համար, հակառակ դեպքում պրովայդերները կարգելափակեն նրա մատչումը։ ԻՏԱՌ ՏԱՍՍ-ը հաղորդում է, որ ներկայում ցանցը հասանելի է օգտատերերի համար։ Ռուսական այլ լրատվամիջոցներ, վկայակոչելով իրենց ընթերցողներին, գրում են, որ առանձին պրովայդերներ շրջաններում արդեն սկսել են արգելափակել «Վկոնտակտեն»։
Երեխաներին նրանց առողջությանը վնաս պատճառող տեղեկավությունից պաշտպանելու մասին օրենքի համաձայն՝ առանց դատարանի որոշման՝ ռեեստր կարող է մտցվել երեք տեսակի ռեսուրս՝ մանկական պոռնոգրաֆիա, թմրանյութերի և ինքնասպանության պրոպագանդա պարունակող կայքերը։
Նախկինում «Ռոսկոմնադզորում» նշել են, որ քաղաքացիներն այդպիսի տեղեկատվության վերաբերյալ ամենից շատ բողոքում են հենց սոցցանցերից։ «Ռոսպոտրեբնադզորը» լիազոր մարմինն է ինքնասպանություն պրոպագանդող կայքերը ռեեստր մտցնելու մասին որոշման ընդունման հարցում։ Թմրանյութերի պրոպագանդայի փորձագիտությամբ զբաղվում է Թմրանյութերի շրջանառության վերահսկողության դաշնային ծառայությունը, իսկ ինտերնետում մանկական պոռնոգրաֆիայի տարածումը հսկում է հենց «Ռոսկոմնադզորը»։
Civilnet










