«ՎԿոնտակտեն» սխալմամբ է մտցվել «սև ցուցակ». «Ռոսկոմնադզոր»

«ՎԿոնտակտե» սոցցանցին պատկանող vk.com դոմենի ընդգրկումը արգելված կայքերի միասնական ռեեստրում սխալմամբ է տեղի ունեցել, ասել է «Ռոսկոմնադզորի» ներկայացուցիչ Վլադիմիր Պիկովը:
«Դա սխալ էր, պատահականություն: Մեր աշխատակիցը սխալ տեղ է դրել թռչնակը, ինչի հետևանքով IP-հասցեն մտել է «սև ցուցակի» մեջ», - ասել է Պիկովը Digit.ru կայքին:
Որպես կանոն՝ «Ռոսկոմնադզորի» ռեեստրում ընդգրկվում են կայքեր, որոնց վրա տեղադրված է մանկական պոռնոգրաֆիա, ինչպես նաև ինքնասպանություն կամ թմրանյութերի օգտագործում քարոզող նյութեր:
Նման սխալներ պատահել են նաև նախկինում: Ռեեստրում, մասնավորապես, ընդգրկվել է «Օդնոկլասնիկի» սոցցանցը, Google որոնողական համակարգը և YouTube պորտալը: «Ռոսկոմնադզորն» այս դեպքերը նույնպես սխալմունք է անվանել:
Ավելի վաղ՝ մայիսի 24-ին, հաղորդվել էր, որ «Ռոսկոմնադզորը» ռուսական «Վկոնտակտե» սոցցանցը մտցրել է կայքերի միասնական «սև ցուցակ»։
Civilnet










