Ֆրանսիական «Էքսպրեսի» խմբագիրներից Քրիստիան Մակարյանը իր սյունակում կարծիք է հայտնում, որ աշխարհն այսօր ոչ միաբևեռ է, ոչ բազմաբևեռ, այլ պատմական չվերահսկվող գործոնների հետևանքով դարձել է անբևեռ: Ըստ Մակարյանի, ԽՍՀՄ փլուզումից հետո կարելի էր ենթադրել, որ աշխարհը դարձել է միաբևեռ՝ ԱՄՆ-ի հստակ հեգեմոնիայով: Սակայն Բարաք Օբամայի երկրորդ մանդատը ցույց է տալիս, որ ԱՄՆ կենտրոնանում է ներքին խնդիրների վրա: Բազմաթիվ «միջին գերտերությունները» նույնպես չեն կարող համարվել ուժի համաշխարհային բևեռներ՝ ազդեցության սահմանափակության պատճառով:
Սա հետևանք է բազմաթիվ պատճառների և ֆինանսատնտեսական կոնյունկտուրայի, ինչի հետևանքով սահամափակվում է կոնկրետ տերությունների ազդեցության աստիճանը, աշխարհը դառնում է հատվածական, յուրաքանչյուր պետություն իր կարճաժամկետ շահերն է հետապնդում, առաջ մղում սեփական ազգային շահերը՝ նպատակ ունենալով կոնկրետ տարածքում ավելացնել սեփական ազդեցությունը` դադարեցնելով նոր աշխարհակարգի փնտրտուքը, որն օրեցօր ավելի է նմանվում միֆի:
Միջազգային հարաբերությունների զարգացման նման միտումները հետաքրքրական են հայաստանյան ներքաղաքական դաշտում: Տարիներ շարունակ երևանյան քաղաքական ուժերը փորձում են ռևերանսներ անել Արևմուտքին կամ Ռուսաստանին, հաճախակի բախվում են տարբեր վերազգային միավորումների մեջ Հայաստանը տեսնել ցանկացողների կարծիքները, մեր տարբեր խնդիրների լուծման հարցում խիստ գերագնահատվում են տարբեր տերությունների դերն ու նշանակությունը: Նման հակվածություն կարելի է տեսնել թե՛ ընդդիմադիր դաշտում, թե՛ իշխանության մեջ: Արդյունքում երկու կողմն էլ հարցերի լուծման բանալին գտնում են Հայաստանից դուրս, ինչը հայ քաղաքական և պետական գործիչներին վերածում է պոտենցիալ գործակալների: Իրականում միաբևեռ կամ բազմաբևեռ աշխարհի միֆն է այս գործիչներին ստիպում աջակցություն փնտրել արտերկրում:
Լավ բացառություններ էլ կան: Թե՛ տարբեր կուսակցությունների, թե՛ մտածող հանրության շրջանակում կարելի է գտնել անձանց, որոնք հստակ պատկերացումներ ունեն ազգային շահի և խնդիրների մասին, տեսնում են ազգային հզորության հասնելու ճանապարհները և բոլորովին անտարբեր են «միջազգային հանրության կարծիք» կամ «գերտերությունների ցանկություն» միֆերի նկատմամբ: Ի վերջո Արցախյան պատերազմը հստակ ցույց տվեց, որ հարցերը լուծողը ոչ թե ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն է, այլ ստեփանակերտյան որոշում ընդունողները:
Այսօր նույնպես շատ բան չի փոխվել միջազգային հարաբերություններում: Շահում են նրանք, ովքեր հստակորեն պաշտպանում են իրենց ազգային շահն ու եռանդով ձգտում ազգային հզորության ավելացման: Նրանք, ովքեր ընկնում են միֆերի հետևից, հետևում միջազգային տարբեր կառույցների, համաշխարհային կարգը պահպանողների խորհուրդներին, ընդամենը կորցնողի դերում են: Վերջին տասնամյակներում արագորեն հզորացած/հարստացած երկրների օրինակները ընդունված կարգի ու կարծրատիպերի դեմ համառ պայքարի պատմություններ են:
Այնպես որ անբևեռ աշխարհն իրականություն է, և հայությանը պետք չէ բևեռներ փնտրել, հարկավոր է դառնալ բևեռ, գոնե 42 հազար կմ քառակուսի այս տարածքում, որ ընդունված է Հայաստան անվանել:
Հայկ Խանումյան











