Գլխավոր Լրահոս

Ինչ սպասել Վիլնյուսից Արցախի համար

Ինչ սպասել Վիլնյուսից Արցախի համար

Լուսանկարը՝ ՍիվիլՆեթի արխիվից:

Նոյեմբերին Վիլնյուսում տեղի կունենա Արևելյան գործընկերության գագաթաժողովը, որը հետխորհրդային մի քանի երկրների համար առանցքային նշանակություն ունի: Դեռևս մեկուկես ամիս առաջ թվում էր, թե բանակցությունները լավ են ընթանում Ուկրաինայի, Մոլդովայի և Հայաստանի համար, թվում էր, թե այս երկրներն առանց որևէ խնդրի կստորագրեն Խոր և համապարփակ առևտրի մասին համաձայնագիրը, ինչը ԵՄ հարևանության քաղաքականության մեջ նոր որակ կլիներ: Սակայն Ռուսաստանի բացահայտ շանտաժը, ինչն իրականացվում էր հնարավոր բոլոր միջոցներով՝ նախագահ Պուտինի, վարչապետ Մեդվեդևի և փոխվարչապետ Ռոգոզինի միջոցով, ռուսական առաջատար լրատվամիջոցների աջակցությամբ, սեպտեմբերի 3-ին մասնակի հաջողություն գրանցեց. ՀՀ նախագահը հայտարարեց Մաքսային միությանը միանալու իր որոշման մասին՝ կասկածի տակ դնելով Վիլնյուսում որևէ համաձայնագիր ստորագրելու հնարավորությունը:

Մոլդովան և Ուկրաինան հաջողությամբ դիմակայում են Ռուսաստանի բացահայտ շանտաժին և տնտեսական պատժամիջոցներ կիրառելու սպառնալիքներին և, ամենայն հավանականությամբ, Վիլնյուսում կստորագրեն համաձայնագիր ԵՄ-ի հետ:

2008թ. Լեհաստանի և Շվեդիայի կողմից առաջ քաշված Արևելյան գործընկերության ծրագրում, ինչը եվրոպական հարևանության ծրագրի բաղադրիչ է, էպիզոդային տեղ էր տրված հետխորհրդային տարածքի չճանաչված հանրապետություններին: Հատկանշական է, որ Ռուսաստանը շանտաժի դիմելով՝ հիմնականում հիմնվել է առկա հակամարտությունների վրա: Եթե Պուտինն այց էր կատարում Ադրբեջան, խոսվում էր Բաքվին 4 միլիարդ դոլարի հատկացման մասին, ապա ՌԴ փոխվարչապետ Ռոգոզինը բացահայտ ձևով սպառնում էր Մոլդովային Մերձդնեստրի կորստով: Ռուսաստանի վարչապետ Իվանիշվիլին «ուսումնասիրում է Մաքսային միությանը միանալու հնարավորությունը», քանզի հույս ունի այդպիսով վերադարձնել Աբխազիան և Հարավային Օսիան:

Արևելյան գործընկերության մեկնարկից հետո Եվրամիությունը համարձակություն չունեցավ հետխորհրդային չճանաչված հանրապետությունների հետ քիչ թե շատ շոշափելի համագործակցություն սկսել: Ժամանակ առ ժամանակ Եվրախորհրդարանի խոցելի բանաձևերի միջոցով ԵՄ-ն իր ուղերձներն էր ուղարկում Արցախի և բախտակից այլ երկրների հասարակություններին՝ խոստանալով ինչ-որ ձևաչափով աշխատել նրանց հետ: Այնինչ Բրյուսելն այդպես էլ ի վիճակի չեղավ բացի խաղաղաշինական անարդյունավետ ծրագրերից այլ բան առաջարկել: Գոնե Արցախի դեպքում, ցանկության պարագայում, ԵՄ-ն, օգտվելով Եվրոպայի հայ համայնքի հնարավորություններից, կարող էր նախաձեռնել առավել շոշափելի ծրագրեր, ինչպես ասենք գյուղական աղքատության կրճատումը, գյուղական ենթակառուցվածքների զարգացումը, ֆինանսական աջակցությունը կառուցվածքային բարեփոխումներին:

Հոկտեմբերի 2-ին Ստրասբուրգում, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Սերժ Սարգսյանն ուղերձներ հղեց եվրոպացիներին՝ Արցախի հետ անմիջականորեն աշխատելու համար:

Այս բոլոր ուղերձները, ինչպես նաև դառը փորձը Բրյուսելին միգուցե թույլ տա հասկանալ, որ Արցախի հետ ավելի սերտ համագործակցությունը բխում է Արևելյան գործընկերության շահերից: ԵՄ-ն ցանկանում է անվտանգության, բարեկեցության և ժողովրդավարության ամուր պատվար ստեղծել իր հարևանությամբ, և օազիսներ թողնելը կարող է բացասաբար ազդել բոլոր հարևանների վրա: Վիլնյուսի գագաթաժողովը լավ առիթ է հետխորհրդային չճանաչված հանրապետությունների և առաջին հերթին Արցախի հետ անմիջական համագործակցության որոշում կայացնելու համար:

 

 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում