Ուորլիքի թվիթերյան գրառումը ցույց է տալիս, որ եկել է ազգային ցանկությունների հստակ ձևակերպման ժամանակը:
Արցախյան կարգավորման բանակցությունների թեման վերջին երկու տասնամյակի հայկական իրականության անբաժան մասն է, ամենամեդիականացված թեմաներից մեկը: Վերջերս ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի թվիթերյան գրառումը նոր շտրիխներ ավելացրեց այս ամենին: Ամերիկացի համանախագահը գտնում է, որ ժամանակն է ուղիղ բանակցություններ սկսել Ստեփանակերտի և Բաքվի միջև, ինչպես որ կիպրացի հույներն ու թուրքերն են անում: ԼՂՀ ԱԳՆ-ն իր թվիթերյան էջում պատասխանել է, որ պատրաստ են բանակցություններին, և ժամանակն է վերականգնել լիարժեք բանակցությունները: Ադրբեջանը, բնականաբար, դեմ է արտահայտվել այս առաջարկին:
Թվիթերյան (հայերեն բառացի թարգմանությունով՝ ծլվլոցային) դիվանագիտությունը փոփոխություններ կմտցնի՞ բանակցային ձևաչափի մեջ կամ կհանդիսանա արդյո՞ք նոր գործընթացի սկիզբ՝ մեծապես կախված է Ադրբեջանի դիրքորոշումից: Այստեղ կարևորն այն է, որ միջնորդներից մեկը, գոնե հռետորական հարցի տեսքով, միանում է մի տեսակետի, որի մասին անընդհատ պնդում է Արցախի Հանրապետությունը:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտոնական ներկայացուցիչները մշտապես արտահայտվել են բանակցային լիարժեք ձևաչափը վերականգնելու և Ստեփանակերտին բանակցային սեղանի շուրջ վերադարձնելու օգտին: Միջնորդները, ինչպես նաև հայաստանյան բանակցողները բազմիցս նշել են, որ վերջին պահին նաև Արցախի կարծիքն են հաշվի առնելու: Արդյո՞ք, ըստ Ուորլիքի, վերջին պահն է եկել:
Արցախի կարծիքն էլ շատ հարաբերական հասկացություն է: Մադրիդյան սկզբունքներով դրա տակ հասկանում էին ինչ-որ անորոշ պլեբեսցիտ՝ տարածքային և փախստականների վերադարձի հարցերի լուծումից հետո, իսկ հայաստանյան իշխանություններն էլ դրա տակ հասկանում են Արցախի իշխանությունների կարծիքը: Տարածքային զիջումների պատրաստ հայաստանյան քաղաքական որոշ ուժեր էլ կարծում են, որ «Հայաստանի համար ընդունելի է այն լուծումը, որ ընդունելի կլինի Արցախի ժողովրդի կողմից»: Սակայն մի կարևոր բան մոռացվել է. Արցախի ժողովուրդը վաղուց է որոշել հիմնել անկախ պետություն, ձևավորել է պետական մարմիններ, ամրագրել հստակ տարածք, ունի միջազգային կապեր և այլն: Հետևաբար պետք է մտածել ոչ թե այն լուծման մասին, որն ընդունելի կլինի Արցախի ժողովրդի կողմից, այլ պաշտպանել այն որոշումը, որը արցախցիները վաղուց են կայացրել ու պարտադրել դա որպես խնդրի լուծում:
Չնայած այս իրողություններին՝ Արցախում նույնպես երբեմն թյուրիմացություններ լինում են: Պաշտոնական որևէ ներկայացուցիչ կարող է խոսել փոխզիջումների մասին, իսկ արտաքին գերատեսչության ղեկավարն իր հրապարակային հարցազրույցում Արցախի որոշ տարածքներ կարող է անվանել բուֆերային գոտի:
Հենց նման դեպքերից խուսափելու համար է, որ արցախյան ընդդիմությունը մի քանի անգամ առաջարկել է ընդունել Արցախի անվտանգության հայեցակարգ, որտեղ հստակ սահմանված կլինի արցախյան տեսակետը: Այս առաջարկը կար նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանի նախընտրական ծրագրում: Սրա մասին վերջերս խոսել է նաև ընդդիմադիր պատգամավոր Վահան Բադասյանը, նշելով. «Աշխարհը սովոր է ճանաչել հստակ ձևակերպված ազգային ցանկությունները և սովոր է հաշվի նստել դրանց հետ»: Այս հայեցակարգը պետք է ուղեցույց դառնա արցախյան պաշտոնյաների և, ինչու ոչ, քաղաքական կյանքի այլ դերակատարների համար:
Ուորլիքի թվիթերյան գրառումը ցույց է տալիս, որ եկել է ազգային ցանկությունների հստակ ձևակերպման ժամանակը:
Հայկ Խանումյան











