Հետազոտությունների, բարդ նախագծերի և քաղաքական մարտերի շրջանից հետո Եվրամիությունը պատրաստ է հրաժարվել Nabucco էներգետիկ նախագծից, որը ԵՄ երկրներին էներգակիրների հուսալի մատակարարում պետք է երաշխավորեր՝ թուլացնելով կախվածությունը Ռուսաստանից, գրում է իտալական Il Foglio պարբերականը։
Մի քանի շաբաթից Ադրբեջանի ինքնահաճ կառավարությունը կհրապարակի կազմակերպությունների անունները, որոնց գազի պաշարներ կվաճառի Կասպից ծովում, և լուրջ ռիսկ կա, որ հիմնական հավակնորդներից մեկը՝ Nabucco կոնսորցիումը, դատարկաձեռն կմնա։
Համաձայն Reuters գործակալության տեղեկությունների՝ առավելությունը Անդրադրիատիկ գազամուղի (TAP) կառուցման նախագծի կողմն է։ Կոնսորցիումի կազմում են գերմանական E.On ընկերությունը, նորվեգական Statoil-ը։ Նախագծում ներառված է նաև Իտալիան, քանի որ խողովակաշարը պետք է անցնի Թուրքիայի, Հունաստանի և Ալբանիայի տարածքով՝ Իտալիայում տերմինալով։
Որտե՞ղ է սխալ թույլ տվել Եվրոպան։
Խնդիրը վաղուց էր առկա, քանի որ Nabucco գազատարը գոյություն ունի միայն թղթի վրա։ Մինչդեռ ռուս մրցակիցներն արդեն ձեռնամուխ են եղել «Հարավային հոսքի» կառուցմանը։ Մյուս խնդիրը կապված է կազմակերպությունների հետ. Բաքվում կարծում են, որ TAP-ի կառուցողներն ունեն հաջողության ավելի մեծ շանսեր՝ համեմատ ԵՄ-ի կոնսորցիումի։
Բրյուսելի համար նախագծից հրաժարումը կդառնար քաղաքական պարտություն, եթե հաշվի առնենք գործադրված ջանքերն ու միլիոնավոր եվրոները, որ Nabucco-ի ֆինանսավորման համար ծախսվել են վերջին տարիներին։ Մատակարարումների հուսալիությունը և Վլադիմիր Պուտինի Ռուսաստանի հետ տարաձայնությունները հաշվի են առնվել ԵՄ-ի ռազմավարության և հռետորաբանության մշակման ժամանակ։ Սա ազդել է Մոսկվայի և Եվրամիության երկրների միջև հարաբերությունների վրա։
Անկասկած, Nabucco-ի վերջը հիանալի նորություն է Պուտինի համար, քանի որ «Հարավային հոսք» գազատարը եվրոպական շուկաներում մի մրցակից պակաս կունենա։ Իտալական Eni ընկերությունը նույնպես մասնակցում է «Հարավային հոսք» նախագծին, այն կզբաղվի Սև ծովի հատակով խողովակների անցկացմամբ։ Օրերս Eni-ն հաստատել է, որ նոր գազամուղը հուսալի և շահավետ գործիք է՝ երկրի էներգետիկ անվտանգության ապահովման համար։
Միությունների այս պատերազմում Իտալիան բոլոր դեպքերում առավելություն ունի։ TAP նախագիծը առաջին փաստաթղթերից մեկն էր, որ դրվեց Էնրիկո Լետայի կառավարության սեղանին։ Անցյալ շաբաթ նախագիծը հավանություն ստացավ։
Այս պատմությունը միայն Պուտինին չէ, որ ստիպում ժպտալ։ Միակը, որ լացում է Nabucco-ի ռեքվիեմի ժամանակ, Եվրամիությունն է։
Civilnet











