2013թ. ռուսական գազային հսկա «Գազպրոմը» արտահանման պայմանագրերով մատակարարվող գազի միջին գնի 5,4–8%-ով նվազեցում է նախատեսում՝ 2012թ. համեմատ: Այս մասին այսօր՝ հունիսի 4-ին, հայտարարել է «Գազպրոմի» վարչության փոխնախագահ Ալեքսանդր Մեդվեդևը, փոխանցում է ռուսական «Պրայմ» գործակալությունը: Ընկերությունում սա պայմանավորում են նավթի գների նվազմամբ և օտարերկրյա գործընկերների հետ պայմանագրեր վերանայմամբ:
Ըստ Մեդվեդևի՝ հեռավոր արտասահման արտահանվող ռուսական գազի գինը կկազմի $370–380/1000 խմ՝ 2012թ. $401,74 /1000խմ գազ : «Սա գերազանցում է նախաճգանժամային՝ 2007թ. գինը», -ասել է Մեդվեդևը: 2013թ. նախատեսվում էրատահանել շուրջ 152 մլրդ խմ գազ՝ 2012թ. 139 մլրդ խմ-ի համեմատ: Մատակարարման ծավալների աճը փաստում են նաև վիճակագրական տվյալները:
Այսպես՝ ընթացիկ տարվա առաջին չորս ամիսներին «Գազպրոմի» մատակարարումները Եվրոպա գերազանցել են 2012թ. նույն ժամանակահատվածի համապատասխան ցուցանիշը՝ 54,7 մլրդ խմ: Ընդ որում՝ միջին գինը 2012-ի համեմատ նվազել է 0,58%-ով՝ կազմելով մինչև $399,42/1000 խմ:
«Արտահանվող գազի գնի նվազումը պայմանավորված է երկու գործոնով՝ նավթի գնի նվազմամբ՝ հատկապես Brent տեսակի, ինչպես նաև գնի վերանայման բանակցություններով, որի իրավունքն ունեն մեր մի շարք օտարեկերյա գործընկերները», -ասել է Մեդվեդևը: Նրա խոսքով՝ այս բանակցությունները կավարտվեն մինչև ընթացիկ տարվա կիսամյակի վերջը, ընդ որում՝ գնի նվազումը ավելի ցածր կլինի՝ բանակցային նախորդ փուլի համեմատ, երբ միջին գինը նվազել էր 7–10%-ով: Բանակցություններ են ընթանում մասնավորապես ֆրանսիական GDF Suez-ի և իտալական ENI-ի հետ:
Civilnet











