ԱՄՆ ազգային անվտանգության գործակալությունը պահանջել է հետաքննություն անցկացնել տեղեկատվության արտահոսքի վերաբերյալ, որի պատճառով իր երկու գաղտնի ծրագրերի մասին տեղեկությունները հայտնվել են մամուլում, հաղորդում է Reuters-ը:
Հետաքննություն անցկացնելու հայցով ազգային անվտանգության գործակալությունը դիմել է ԱՄՆ արդարադատության նախարարություն, որը կարող է մերժել հայցը, սակայն հաշվի առնելով համացանցի օգտատերերի նկատմամբ հսկողության մասին հրապարակումների հանդեպ հասարակական լայն արձագանքը՝ ամենայն հավանականությամբ հետաքննություն կանցկացվի, այս մասին հայտնել են ազգային անվտանգության գործակալության մամուլի ծառայությունից:
Հայցի համար առիթ են հանդիսացել ամերիկյան և բրիտանական լրատվամիջոցների հրապարակումներն այն մասին, որ ԱՄՆ հատուկ ծառայությունները հսկողություն են սահմանել համացանցի օգտատերերի նկատմամբ:
Washington Post-ը հունիսի 6-ին հրապարակել էր հոդված, որում վստահեցվում էր, որ ԱՄՆ-ի Ազգային անվտանգության գործակալությունն ու Հետաքննությունների դաշնային բյուրոն մատչում ունեն այնպիսի ընկերությունների սերվերների նկատմամբ, ինչպիսին են Microsoft-ը, Yahoo-ն, Google-ը, Facebook-ը, PalTalk-ը, AOL-ը, Skype-ը, YouTube-ը, Apple-ը, և այնտեղից ստանում են օգտագործողների մասին իրենց հետաքրքրող ցանկացած տեղեկատվություն, ներառյալ՝ անձնական նամակագրությունը։
Այս նյութի հրապարակումից հետո նշված ընկերություններից մի քանիսը՝ Facebook-ը, Yahoo-ն, Google-ը, Apple-ն ու Microsoft-ը, հերքել էին, որ հատուկ ծառայություններին իրենց սերվերների նկատմամբ մատչում են տրամադրում։
Ավելի վաղ Guardian-ը գրել էր, որ ԱՄՆ-ի Ազգային անվտանգության գործակալությունը հետևում է ամերիկացիների հեռախոսային խոսակցություններին՝ համագործակցելով Verizon հեռախոսային օպերատորի հետ։ Այս ընկերությունը, ըստ պարբերականի տեղեկությունների, տվյալներ է տրամադրում իր հաճախորդների խոսակցությունների մասին դատարանի գաղտնի կարգադրությամբ։
Civilnet











