Միջազգային վարկանշային Standard & Poor's գործակալությունը ԱՄՆ վարկային վարկանիշի կանխատեսումը «բացասականից» բարձրացրել է «կայուն»՝ վարկանիշը հաստատելով АА+ մակարդակում և հետագա նվազեցումը համարելով քիչ հավանական, հաղորդում է Bloomberg-ը: Գործակալությունը ԱՄՆ վարկանիշն իջեցրել էր 2011թ. օգոստոսին: S&P-ը կանխատեսման վերանայումը պայմանավորել է ԱՄՆ իշխանությունների բյուջեի պակասուրդի կրճատման հարցում արձանգրած որոշակի հաջողություններով, ինչպես նաև տնտեսական աճի համեմատաբար բարենպաստ հեռանկարներով: 2011թ. ԱՄՆ վարկանիշի իջեցումը բորսայական շուկաների փլուզման պատճառ դարձավ գրեթե ողջ աշխարհում, ներդրողները գործակալության այս որոշմանը գրեթե չեն արձագանքել: Ըստ գործակալության փորձագետների՝ կայուն կանխատեսումը վկայում է, որ մոտ ապագայում վարկանիշի իջեցումը 1:3 հարաբերությամբ է:
S&P-ն նշում է, որ ԱՄՆ իշխանությունների հարկաբյուջետային ներկայիս քաղաքականության շնորհիվ հնարավոր է եղել «բյուջետային ճեղքվածքը» հետաձգել առնվազն մինչև սեպտեմբերի 30-ը՝ միաժամանակ նպաստելով հարկային մուտքերի ավելացմանը: Կոնգրեսի Բյուջետային հանձաժողովի գնահատականներով՝ ընթացիկ տարում ԱՄՆ բյուջեի պակասուրդը կկրճատվի մինչև 40%՝ կազմելով մինչև $642 մլրդ՝ ՀՆԱ-ի 4%, որը կլինի վերջին 5 տարվա նվազագույն ցուցանիշը:
S&P-ն կարևորում է նաև ԱՄՆ տնտեսության վերականգնման կայուն տեմպերը, որոնք առաջիկա տարիներին կարող են գերազանցել կանխատեսւոմները: Գործակալությունը հաշվի առնելով վերոնշյալ գործոնները՝ կանխատեսում է, որ ԱՄՆ բյուջեի պակասուրդը ընթացիկ տարում կնվազի մինչև ՀՆԱ-ի 6%՝ 2012թ. 7%-ի համեմատ: S&P-ի փորձագետների կարծիքով՝ երկրի պետպարտքը առաջիկա տարիներին կշարունակի մնալ նույն մակարդակում՝ ՀՆԱ-ի 28%:
S&P-ն միջազգային վարկանշային «եռյակից» միակն է, որ իջեցրել է ԱՄՆ վարկանիշը: Moody's-ը և Fitch-ը վարկանիշը պահպանել են բարձրագույն մակարդակում, սակայն «բացասական» կանխատեսմամբ: 2011թ. օգոստոսին վարականիշի իջեցումը ֆինանսական շուկաների խուճապի և կապիտալի, ինչպես նաև «պաշտպանիչ» ակտիվների՝ ոսկու ու պետպարտատոմսերի արտահոսքի պատճառ էր դարձել: Արդյունքում ԱՄՆ-ը կորցրեց գերվստահելի փոխառուի իր հեղինակությունը, որի հետևանքով ԱՄՆ պետպարտատոմսերի երկմտաբերությունը նվազեց և շարունակում է մնալ ռեկորդային ցածր մակարդակում: Փորձագետները այս հանգամանքով են պայմանավորում ներդրողների թույլ արձագանքը S&P-ի ներկայիս որոշմանը:
Ներդրողները վարկանիշի կանխատեսման վերանայումը դիտարկում են վերջին տարիների «որքան վատ, այնքան լավ» տրամաբանության շրջանակում՝ համարելով, որ այն կարող է Դաշնային պահուստային համակարգի կողմից քանակական մեղմացման քաղաքականությունը խթանող գործոն լինել: Բացի այդ՝ վերջին շրջանում վարկանիշների վերանյումը՝ հատկապես Եվրամիության երկրներում, այնքան է հաճախացել, որ ներդրողները պարզապես չեն հասցնում կտրուկ արձագանքել դրանց:
Civilnet











