Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսեֆը խոստացել է կատարել արդեն երկու շաբաթ շարունակվող բողոքի ակցիաների մասնակիցների պահանջները:
Ժողովրդին իր ուղերձում Ռուսեֆը խոստացել է բարելավել հասարակական տրանսպորտը, առողջապահության և կրթության ոլորտները:
Նա նաև հանդես է եկել ի պաշտպանություւն 2014թ. Բրազիլիայի ֆուտբոլի աշխարհի առաջնության անցկացման՝ հայտարարելով, որ առաջնության նախապատրաստական աշխատանքները պետական միջոցներով չեն ֆինանսավորվում:
Բրազիլիայի նախագահը խաղաղ բողոքի ակցիաների առաջնորդներին առաջարկել է հանդիպել և քննարկել խնդիրները՝ միաժամանակ ընդգծելով, որ բռնություն չի հանդուրժի:
Բողոքի ակցիաների համար առիթ էր հանդիսացել հունիսի 2-ին հասարակական տրանսպորտի սակագների բարձրացումը, որի չեղյալ հայտարարումը, սակայն, չհանգստացրեց ցուցարարներին: Նրանք բողոքում են՝ ընդդեմ իշխանությունների սոցիալ-տնտեսական քաղաքականության, կոռուպցիայի գերակայության և հանցավորության տարածման։ Բրազիլացիները վրդովված են, որ կառավարությունը միլիոններ է ծախսում սպորտային միջազգային խոշոր միջոցառումների անցկացման համար՝ այդ միջոցները կրթությանն ու առողջապահությանն ուղղելու փոխարեն։ Հաջորդ տարի Բրազիլիայում պետք է անցկացվի ֆուտբոլի աշխարհի առաջնությունը, իսկ 2016-ին՝ ամառային օլիմպիական խաղերը։ Ներկայում Բրազիլիայում անցկացվում է Կոնֆեդերացիաների գավաթը։
Civilnet











