Եվրոպական կենտրոնական բանկը մտադիր չէ հրաժարվել խնդրահարույց երկրների պետապարտոմսերի հետգնման ծրագրից: Այսպիսի հայտարարություն է արել ԵԿԲ նախագահ Մարիո Դրագին, հաղորդում է Reuters-ը: «Մենք մտադիր չենք հրաժարվել հետգնման ծրագրից՝ հատկապես հաշվի առնելով ֆինանսական շուկաների ներկայիս անկայունությունը», -ասել է Դրագին: Եվրոգոտու պարտքային շուկա ինտերվենցիաների մասին որոշումն ընդունվել է դեռ 2012թ. սեպտեմբերին, ինչը հնարավորություն է տվել զգալիորեն նվազեցնել Իտալիայի և Իսպանիայի պարտատոմսերի պահանջվող եկամտաբերությունը, սակայն գործնականում ԵԿԲ-ն այդպես էլ այդ երկրների պարտքային շուկա ինտերվենցիա չի իրականացրել:
Բազելի Միջազգային հաշվարկների բանկի փորձագետների կարծիքով՝ եվրոպական խոշոր կենտրոնական բանկերը պետք է անցնեն դրամավարկային քաղաքականության խստացմանը՝ աստիճանաբար հրաժարվելով քանակական մեղմացման քաղաքականությունից: «Կենտրոնական բանկերը կարող են միայն երկարաձգել տնտեսությունների կառուցվածքային բարեփոխումների իրականացման որոշումը», -ասվում է բանկի զեկույցում: Ավելին՝ ըստ բանկի՝ ռեկորդային ցածր տոկոսադրույքները և քանակական մեղմացման քաղաքականության շրջանակում պետպարտատոմսերի հետգնումն ինչպես ԱՄՆ-ում, այնպես էլ եվրոգոտում աճի ինքնուրույն վերականգնում չեն ապահովի:
Բանկի փորձագետների կարծիքով՝ ներդրողների՝ ցածր տոկոսադրույքների պահպանման վստահությունը մասնավոր սեկտորը զրկում է կապիտալի և պարտքային ծանրաբեռնվածության մեծացման խթաններից: «Էժան փողի պայմաններում ավելի շահավետ է փոխառելը, քան խնայելը, իսկ կառավարությունների համար ավելի հեշտ է ծախսելը, քան հարկեր հավաքելը», -ասվում է զեկույցում:
Բանկի հաշվարկների համաձայն՝ 2007-2012թ. մասնավոր սեկտորի, տնային տնտեսությունների և կառավարությունների պարտքային ծանրաբեռնվածությունը ավելացել է $33 տրլն-ով՝ կազմելով համաշխարհային ՀՆԱ-ի 20%-ը: Տնային տնտեսությունների պարտքային ծանրաբեռնվածության զգալի կրճատում արձանագրվել է ԱՄՆ-ում, Իսպանիայումմ և Մեծ Բրիտանիայում: Փոխարենը մի քանի անգամ աճել է Չինաստանի կորոպորատիվ սեկտորի պարտքային ծանրաբեռնվածությունը, ԱՄՆ-ում աճել է պետպարտքը: Առավել մեծ ռիսկեր է պարունակում տոկոսադրույքների արագ աճը:
Այսպես՝ բանկի հաշվարկների համաձայն՝ տոկոսադրույքների 3%-ով աճը ներդրողների համար կարող է նշանակել $1 տրլն-ի (ԱՄՆ ՀՆԱ-ի 8%) պետպարտատոմսերի կորուստ: Տոկոսադրույքի աննշան շտկումները Եվրոպայի համար կարող են միջինը արժենալ ՀՆԱ-ի 15–35%: Զեկույցի հեղինակները նշում են, որ կարգավորիչների գործողությունները պետք է առավելագույնս կանխատեսելի լինեն, քանի որ զարգացած երկրների մեծ մասի պետպարտքի զգալի մասը առևտրային բանկերի հաշիվներին է բաժին ընկնում:
Բազելի փորձագետները ֆինանսական համակարգերի ռիսկերի կարգավորման հարցում կենտրոնական բանկերին անկարող են համարում: Նրանք որպես կարգավորման հիմնարար սկզբունք առաջարկում են «ինտերնալիզացնել համակարգային ռիսկերը», քանի որ առևտրային բանկերի գործունեության որոշակի տեսակների արգելումը պակաս արդյունավետ է: Միաժամանակ՝ բանկերի հիմնական խնդիրը պետք է լինի աճի նորմալ տեմպերի վերականագնումը, որը, իր հերթին, չի կարող իրականացվել առանց դրամավարկային քաղաքականության խստացման: Բացի այդ՝ բանկը կոչ է անում կառավարություններին բարեփոխումներ անել աշխատաշուկայում՝ շարունակելով բյուջետային կոնսոլիդացիան:
Civilnet











