2012թ. օտարերկրյա ուղղակի նեդրումների գլոբալ հոսքերը 2011թ. համեմատ նվազել են 18%-ով՝ կազմելով մինչև $1,35 տրլն՝ պայմանավորված մակրոտնտեսական անկայունությամբ և քաղաքական անորոշությամբ, ասվում է ՄԱԿ-ի զեկւոյցում:
Փաստաթղթի համաձայն՝ 2012թ. զարգացող երկրները առաջին անգամ ավելի մեծ ծավալով ներդրումներ են ներգրավել՝ զարգացած երկրների համեմատ, և նրանց բաժին է ընկել օտարերկրյա ուղղակի ներդրումների գլոբալ հոսքերի 52%-ը: Զարգացող երկրներից ներդրումների արտահոսքը կազմել է $426 մլրդ՝ 31%: Աֆրիկյան երկրներից արտահոսքը գրեթե եռապատկվել է:
Խոշոր նեդրողների շարքում Չինաստանը զգալիորեն բարելավել է իր դիրքերը՝ 6-րդ հորիզոնականից բարձրանալով 3-րդ հորիզնոկան և զիջելով միայն ԱՄՆ–ին ու Ճապոնիային:
Զարգացած երկրներում օտարերկրյա ուղղակի ներդրումները նվազել են 32%-ով՝ մինչև $561 մլրդ` արձանագրելով 2002թ. ցուցանիշը: Մյուս կողմից՝ նվազել են այս երկրներից ներդրումների արտահոսքը:
Անցումային երկրներում օտարերկրյա ուղղակի ներդրումները նվազել են 9%-ով: Ռուսաստանում ներդրումները կազմել են $51 մլրդ:
Զեկույցի հեղինակները նշում են նաև «Մետաքսի ճանապարհի» երկրներում՝ Ղազախստան, Ղրղըզստան, Տաջիկստան, Թուրքմենստան և Ուզբեկստան, ներդրումների աճի մասին:
2012թ. Հայաստանում, ըստ ՄԱԿ-ի փորձագետների, օտարերկրյա ուղղակի ներդրումները կազմել են $489 մլն ՝ 2011թ. $525 մլն-ի համեմատ, իսկ արտահոսքը կազմել է $16 մլն` 2011թ. $78 մլն-ի համեմատ:
Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ 2012թ Հայաստանում օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը կազմել է $567,4 մլն՝ 2011թ համեմատ նվազելով 10,1%-ով։
Civilnet











