Գլխավոր Լրահոս

ԱՄՀ-ն դեռ հավատում է եվրոգոտուն

ԱՄՀ-ն դեռ հավատում է եվրոգոտուն

Եվրոպական կենտրոնական բանկի կառավարիչների խորհուրդն ընդունել է, որ կարգավորիչը եվրոգոտու պարտքային ճգնաժամը միայն սեփական ուժերով հաղթահարել չի կարողանա։ Այս մասին հայտարարել է ԵԿԲ խորհրդի անդամ, Գերմանիայի Բունդեսբանկի նախագահ Յենս Վայդմանը, հաղորդում է Reuters-ը։

Վայդմանի խոսքով՝ թեև ԵԿԲ-ն զգալի քայլեր է ձեռնարկել տնտեսական իրադրության բարելավման ուղղությամբ, ճգնաժամը վեր է հանել Եվրոպայի տնտեսության թույլ կողմերը։ «Դրանց վերացման համար միայն ԵԿԲ ջանքերը բավարար չեն. անհրաժեշտ են կառուցվածքային բարեփոխումներ», -ասել է Վայդմանը։

Ըստ գործակալության՝ Բունդեսբանկը դեմ է ճգնաժամին կարգավորչի միջամտությանը, ինչը «կառավարություններին թույլ է տալիս արգելակել ցավոտ, սակայն տնտեսությանն անհրաժեշտ բարեփոխումները»։

Վայդմանի հայտարարությունը հնչել է կարգավորիչի՝ բազային տոկոսադրույքը տևական ժամանակ ռեկորդային ցածր՝ 0,5% մակարդակում պահպանելու որոշման ֆոնին։ Տոկոսադրույքն անփոփոխ թողնելու մասին ԵԿԲ նախագահ Մարիո Դրագին հայտարարել է անցած շաբաթ՝ հավելելով, որ տևական ժամանակ ասելով ինքը հասկանում է ավելի քան մեկ տարի։

ԵԿԲ-ն առաջին անգամ նաև կարճաժամկետ կանխատեսում է արել, ինչը կարող է ենթադրել մոտ ապագայում բանկերին էժան իրացվելիության տրամադրում։ Կարգավորիչի հայտարարության ֆոնին եվրոպական բորսայական ինդեքսները միջինը 2% աճ են արձանագրել։ Եվրոգոտին արդեն երկրորդ տարին ռեցեսիայում է։ ԵԿԲ կանխատեսման համաձայն՝ 2013թ. արժութային միության տնտեսությունը կկրճատվի 0,6%-ով։

ԱՄՀ. Եվրոպային հաջողվել է փրկել եվրոն

Եվրոգոտին եվրոյի գոյության սպառնալիքի պայմաններում զգալի առաջընթաց է արձանագրել սուվերեն պարտքային ճգնաժամի հաղթահարման հարցում, ասվում է Արժույթի միջազգային հիմնադրամի հուլիսի 9-ին հրապարակած զեկույցում։ «Աճի վերականգնումը և զբաղվածության խթանումը պետք է լինեն եվրոգոտու երկարաժամկետ տնտեսական քաղաքականության առաջնահերթությունները»,- նշել են ԱՄՀ փորձագետները: Նրանց կարծիքով՝ եվրոգոտու տնտեսության աճի վրա զսպող ազդեցություն է թողնում բյուջեների պակասուրդի կրճատման քաղաքականությունը։

Այս տեսանկյունից ԱՄՀ-ն առաջարկել է հետճգնաժամային վերականգնման ջանքները կենտրոնացնել չորս ուղղությամբ:

Առաջին. հնարավորինս արագ ավարտել եվրոպական բանկերի վերակառուցումը և վերականգնել ֆինանսական համակարգի նորմալ գործառույթները։

Երկրորդ. կարճ ժամկետներում գործարկել Եվրոպական բանկային միության մեխանիզմները, այդ թվում՝ անդրազգային վերահսկողության, խնդրահարույց բանկերի վերակառուցման և սնանկացման միասնական համակարգը։

Երրորդ. կարճաժամկետ աջակցություն տրամադրել տնտեսություններին՝ փոքր և միջին բիզնեսին էժան վարկերի տեսքով։

Վերջապես, ԱՄՀ-ն ԵԿԲ ֆինանսական ճկուն քաղաքականության կողմնակից է, որի շրջանակում բազային տոկոսադրույքը պահպանվում է 0,5% մակարդակում։

«Եվրոպան զգալի առաջընթաց է արձանագրել, թեև եվրոգոտում շարունակում են գործել կենտրոնամետ բավական հզոր ուժեր, որոնք լուրջ ազդեցություն են ունենում աճի վրա»,- հայտարարել է ԱՄՀ կառավարիչ-տնօրեն Քրիստին Լագարդը։

Գործազրկության բարձր մակարդակ

Ըստ ԱՄՀ զեկույցի՝ տնտեսական աճը եվրոգոտում նախկինի պես շարունակում է թույլ մնալ, գործազրկության մակարդակը նոր ռեկորդներ է սահմանում, հետևապես եվրոգոտու անդամ երկրները պետք է շարունակեն սերտ համագործակցությունը՝ աճի վերականգնման համար: «Եվրոգոտու ֆինանսական սեկտորի առողջացմանը և բանկային միության ստեղծմանն ուղղված համաձայնեցված գործողություններն անհրաժեշտ են արժութային միության անդամ երկրների միջև ֆինանսական մասնատվածությունը վերացնելու և տնտեսական աճի վերականգման համար»,- նշել են ԱՄՀ փորձագետները:

Հիմնադրամը տնտեսական աճի վերականգնման և զբաղվածության մակարդակի բարձրացման հիմնական գրավական է համարել բանկային սեկտորի ցուցանիշների բարելավումը, պահանջարկի աճը և կառուցվածքային բարեփոխումների իրականցումը։

«Այս գործողությունները միմյանց փոխլրացնող են։ Հատվածական մոտեցումը կարող է էլ ավելի խաթարել վստահությունը և եվրոգոտին նոր սթրեսների նկատմամբ առավել խոցելի դարձնել»,- ասվում է զեկույցում:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում