Ռուսաստանի Սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում վերահսկողության դաշնային ծառայությունում՝ «Ռոսպոտրեբնադզորում» որոշակի մտահոգություններ են առաջացել Ուկրաինայից ներմուծվող հրուշակեղենի վերաբերյալ, հաղորդում է ռուսական «Ռիա նովոստի» գործակալությունը:
Ծառայության պետ Գենադի Օնիշենկոն հայտարարել է, որ Ուկրաինայից ներմուծվող հրուշակեղենի հետ կապված մտահոգություններն ավելանում են: Նրա խոսքով՝ ծառայությունը հատկապես դժգոհ է «Ռոշեն» ընկերության արտադրանքից: «Ռոսպոտրեբնադզորը» ուկրաինական ապրանքների նկատմամբ հնարավոր պատժամիջոցների մասին հայտարարություն դեռ չի արել:
Ուկրաինական ընկերությունը Օնիշենկոյի հայտարարությունը չի մեկնաբանել:
Նախօրեին «Կոմերսանտ-Ուկրաինա» թերթը գրել է, որ Ռուսաստանը տնտեսական պատժամիջոցներ է նախապատրաստում Կիևի դեմ: Պարբերականի տվյալների համաձայն՝ Մոսկվան դժգոհ է, որ Ուկրաինան բարձրացրել է ներկրվող ավտոմեքենաների մաքսատուրքերը:
Ըստ թերթի՝ Մաքսային միությունը Ռուսաստանի բյուջեի վնասը մտադիր է փոխհատուցել ուկրաինական մի շարք ապրանքների մաքսատուրքերի բարձրացման միջոցով: Այդ ապրանքների թվում նշվում է հրուշակեղենը, շաքարավազը, շոկոլադը, կակաոն, ինչպես նաև քարածուխն ու ապակին:
Civilnet











