Lenovo-ն` համակարգիչների գլոբալ շուկայի առաջատար. զեկույց

Չինական Lenovo Group տեխնոլոգիական ընկերությունը դարձել է անհատական համակարգիչների համաշխարհային նոր առաջատարը: Այսպես՝ 2013թ. երկրորդ եռամսյակում անհատական համակարգիչների համաշխարհային շուկայում ընկերության մասնաբաժինը կազմել է 16,7%, ինչի շնորհիվ նա գերազանցել է ամերիկյան Hewlett-Packard ընկերությանը: Վերջինիս մասնաբաժինը կազմել է 16,3%: Մյուս կողմից՝ անհատական համակարգիչների վաճառքների ծավալները շարունակում են նվազել հինգերորդ եռամսյակն անընդմեջ, ասվում է ամերիկյան Gartner և IDC ընկերությունների համատեղ զեկույցում:
Փորձագետների կարծիքով՝ չինական ընկերության «հիմնական զենքը» եղել են շուկայական շահավետ գները և արտոնյալ սերվիսային սպասարկումը: Չինացիների հաջողություններին նպաստել է նաև հանգամանքը, որ կորպորատիվ սեկտորը դժգոհ է եղել HP-ի ռազմավարությունից և համակարգչային բիզնեսը վաճառելու մտադրությունից: Բացի այդ՝ Lenovo-ն ձեռնմաուխ է եղել հիբրիդային սարքավորումների արտադրությանը, որոնք կարող են օգտագործել ինչպես նոութբուք, այնպես էլ պլանեշտ:
Չնայած գլոբալ շուկայում HP-ն երկրոդն է, ԱՄՆ-ում շարունակում է պահպանել առաջատարի իր դիրքերը, որտեղ չինական ընկերությունը չորրորդ հորիզոնականում է՝ զիջելով նաև ամերիկյան Dell և Apple ընկերություններին:
Անհատական համակարգիչների շուկայում դիրքերի վերափոխությունները տեղի են ունենում դրանց պահանջարկի նվազման և պլանշետների ու սմարթֆոնների լայն տարածման պայմաններում: Այսպես ՝ ընթացիկ տարվա երկորդ եռամսյակում անհատական համակարգիչների գլոբալ վաճառքները տարեկան կտրվածքով նվազել են շուրջ 11%-ով՝մինչև 76 մլն սարքավորում: Վաճառքների կրճատումից զերծ չի մնացել նաև Lenovo-ն: Նշված ժամանակահատվածում ընկերության անհատական համակարգիչների վաճառքները նվազել են 0,6%-ով:
Փորձագետների կարծիքով՝ տարվա երկորդ կիսամյակը ոլորտի համար առավել հաջող կլինի՝ պայմանավորված ամերիկյան ընկերությունների իրենց համակարգիչներն առավել ակտիվ թարմացնելու հանգամանքով: Ներկայում համակարգիչների հիմնական մասը, որ օգտագործում է հնացած Windows XP օպերացիոն համակարգ, աստիճանաբար կանցնի Windows 7 և Windows 8 օպերացիոն համակարգերի:
Civilnet










