Վիճակագրությունը վկայում է, որ Չինաստանի տնտեսության դանդաղման տեմպերն արագացել են: Դանդաղումը սկսել է դեռ 2007թ., սակայն ներկայում այն ավելի է արագացել, գրում է ամերիկյան Washington Post-ը: Չինաստանի Ազգային վիճակագրական բյուրոյի հրապարակած տվյալների համաձայն՝ ընթացիկ տարվա 2-րդ եռամսյակում աճը տարեկան կտրվածքով կազմել է 7,5%,՝ 1-ին եռամսյակի 7,7%-ի համեմատ:
Ըստ պարբերականի՝ ցուցանիշները դեռևս համապատասխանում են Չինաստանի կառավարության՝ ընթացիկ տարվա համար թիրախային սահմանված 7,5% ցուցանիշին: Մյուս կողմից՝ ներկայիս աճի տեմպերն ամենադանդաղն են 1990-ակններից ի վեր: Մի շարք տնտեսագետների կարծիքով՝ ընթացիկ տարում տնտեսությունն ավելի կդանդաղի:
Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսման համաձայն՝ Չինաստանում տնտեսական աճը կկազմի 7,8%: Ամերիկյան Goldman Sach, բրիտանական HSBC և Barclays բանկերը աճի իրենց կանխատեսումն իջեցրել են մինչև 7,4%, որը 1990-ակններցի ի վեր արձանագրված ամենացածր ցուցանիշն է:
Հունիսին Չինաստանի արդյունաբերության աճը տարեկան կտրվածքով կազմել է 8,9%՝ ավելի վաղ կանխատեսված 9,1%-ի և մայիսի 9,2%-ի համեմատ: Հաշվետու ժամանակահատվածում աճել են սպառողական ծախսերը՝ հունիսին արձանագրելով 13,3% աճ՝ մայիսի 12,9%-ի համեմատ:
«Այս ամենի արդյունքում գլոբալ տնտեսությունում կան հաղթողներ և պարտվողներ: Երկրները, որոնց հաջողությունը կախված է Չինաստանի հաջողություններից, զգալի կորուստներ կունենան: Կշահեն նրանք, որոնք որոշել են եկամուտներ ստանալ չինացի սպառողների հաշվին: Այսպես՝ օրինակ արմավի յուղի արտադրությամբ զբաղվող հնդիկ մի շարք ագարակատերեր նշում են, որ իրենց եկամուտները կտրուկ նվազել են՝ շուկայում գների անկման հետևանքով, որը պայմանավորված է Չինաստանում պահանջարկի նվազմամբ»,- գրում է պարբերականը:
Փորձագետների կարծիքով՝ ներկայում Չինաստանը փորձում է հավասարակշռել իր տնտեսությունը: Կառավարությունը ցանկանում է, որ այն հնարավորինս քիչ կախվածություն ունենա ծանր արդյունաբերությունից, և մեծանա կախվածությունը տնային տնտեսությունների սպառման ծավալներից: Արդեն բարձրացվել են նվազագույն աշխատավարձերը, թուլացել է բազային տոկոսադրույքսի նկատմամբ վերահսկողությունը՝ տնային տնտեսությունների՝ խնայողությունենրի հաշվին ստացվող եկամուտներն աճեն: Կառավարությունը փորձում է աջակցել արդյունաբերության այն սեկտորներին, օրինակ՝ ապրանքային և ավտոմսբիլային, որոնք առավել սերտ են կապված սպառմանը:
Civilnet











