Հունգարիայի Ազգային բանկը Արժույթի միջազգային հիմնադրամին խնդրել է փակել Բուդապեշտում իր ներկայացուցչությունը, հաղորդում է Reuters-ը:
Հունգարիայի ԿԲ նախագահ Դյորդ Մատոլչիի` ԱՄՀ կառավարիչ-տնօրեն Քրիստին Լագարդին ուղարկված նամակում ասվում է, որ Բուդապեշտում ԱՄՀ ներկայացուցչության անհրաժեշտությունը չկա, քանի որ ավարտվում է Հունգարաիյի և հիմնադրամի միջև վարկային պայմանագրի ժամկետը:
ԱՄՀ ներկայացուցիչը հունգարական HVG պարբերականին տեղեկացրել է, որ Հունգարիայում ԱՄՀ առաքելության ներկայիս ղեկավար Իրինա Իվաշենկոյի լիազորությունների ժամկետն ավարտվում է օգոստոսին, և ԱՄՀ-ն մտադիր չէ նոր ղեկավար նշանակել: ԱՄՀ-ն երկրներում ներկայացուցչություններ է բացում նրանց հրավերով:
2010թ. Հունգարիայում իշխանության եկած վարչապետ Վիկտոր Օրբանը ԱՄՀ-ին բազմիցս մեղադրել է եվրոպական երկրների ներքին գործերին միջամտելու մեջ, ինչպես նաև քննադատել է նախկին իշխանությունների տնտեսական քաղաքաքականությունը: Բացի այդ՝ նա հայտնի է տնտեսական մի շարք հարցերի նկատմամբ իր արտասովոր մոտեցմամբ, ինչի համար բազմիցս ենթարկվել է ԱՄՀ և Եվրամիության խիստ քննադատություններին: Մատոլչին Օրբանի կառավարությունում զբաղեցրել է էկոնոմիկայի նախարարի պաշտոնը:
ԱՄՀ-ն Բուդապեշտին հատկացրել է $15 մլրդ վարկ, և Հունգարիան ԵՄ առաջին երկիրն է, որը դիմել է արտաքին ֆինանսական աջակցության: Վարկի մարման ժամկետը լրանում է սեպտեմբերին:
2014թ. Հունգարիայում տեղի կունենան խորհրդարանական ընտրություններ, և փորձագետների մի մասը Հունգարիայի իշխանությունների՝ ԱՄՀ ներկայացուցչությունը փակելու որոշումը պայմանավորում են քաղաքկան պատճառներով:
Civilnet











