Ամերիկացիները կորցնում են սմարթֆոնների նկատմամբ հետաքրքրությունը. զեկույց

2012թ. իրենց սմարթֆոնը ավելի ժամանակակից մոդելով փոխարինել են 68 մլն ամերիկացիներ, որը 9%-ով զիջում է 2011թ. ցուցանիշը: Ընդ որում՝ այս միտումը կարող է արագանալ, քանի որ ԱՄՆ բջջային ցանցերի օպերատորները հրաժարվում են սուբսիդավորել նոր սսրքավորումներին անցումը, ասվում է UBS շվեյցարական բանկի զեկույցում, փոխանցում է Bloomberg-ը:
Նման մոտեցումը կարող է բացասաբար ազդել սմարթֆոնների արտադրողների վրա, այդ թվում՝ շուկայի առաջատարներ Samsung-ի և Apple-ի վրա:
Ներկայում ամերիկյան բջջային ցանցերի բաժանորդների 70%-ը սմարթֆոններ է օգտագործում, հետևապես ավելի քիչ է նրանց թիվը, որոնք կարող են անցում անել առավել գործառութային սարքավորումների, որոնք իրենց հերթին բջջային ինտերնետին մատչում ունենալու համար պետք է օգտագործեն ավելի բարձր սակագնային պլաններ:
Եվս մեկ գործոն է ոլորտում նորարությունների տեմպերի դանդաղումը: Վերջին տարում արտադրված սմարթֆոննները տարբերվում են միայն իրենց արտադրողականությամբ, այլ ոչ գործառույթներով:
Ոլորտը իրեն դեռևս «լավ է» զգում. այսպես՝ Samsung-ը ընթացիկ տարվա 2-րդ եռամսյակում զուտ շահույթի 44-50% աճ է կանխատեսում, 1-ին եռամսյակում Apple-ի զուտ շահույթը կազմել է $9,5 մլրդ:
Փորձագետների կարծիքով՝ կարճաժամկետ հեռանկարում սեկտորին պետք է աջակցեն զարգացող շուկաները: Զեկույցի կանխատեսումների համաձայն՝ ընթացիկ տարում այս շուկաներ սմարթֆոնների ներկրումները կավելանան 48%-ով: Զգալի կլինի նաև տեղական արտադրողների դերակատարումը, որոնց արտադրանքը շատ ավելի էժան է: Զեկույցի հեղինակների կարծիքով՝ ներդրողները «կանխազգում» են ոլորտի առաջիկա փոփոխությունները: Այսպես՝ տարեսկզբից ի վեր Apple-ի բաժնետոմսերը արժեզրկվել են 19%-ով, իսկ Samsung –ի կապիտալիզացիան նվազել է 15%-ով, որը կարող է բացասաբար ազդել սմարթֆոններ արտադրողների հասույթների վրա:
Civilnet










