Microsoft-ի ղեկավարը հեռացել է` պարելով ու արտասվելով

Microsoft-ի աշխատակիցների հետ ընդլայնված կազմով ամենամյա հանդիպման ժամանակ ընկերության ղեկավար Սթիվ Բալմերը արցունքներն աչքերին է հրաժեշտ տվել աշխատակազմին, որի հետ աշխատել է 33 տարի, հաղորդում է BBC-ն:
57-ամյա Բալմերն իր պաշտոնից կհեռանա հաջորդ տարեսկզբին: Փորձագետները կարծում են, որ ընկերության ղեկավարության փոփոխությունը տեղի է ունենում բավական անհանգիստ պահի, երբ Microsoft-ը հայտարարել է բջջային կապի շուկայում կորցրած դիրքերը վերականգնելու մտադրության մասին:
Մինչդեռ ինքը` Բալմերը, անհանգստություն չի ցուցաբերել: Նա պարել է Մայքլ Ջեքսոնի երգերից մեկի ներքո և ասել, որ Microsoft-ը «կրկին կփոխի աշխարհը»:
Պաշտոնավարման տարիներին Սթիվ Բալմերը հայտնի է դարձել իր ուժեղ, հուզող շնորհանդեսներով, որոնցում մշտապես ցույց է տվել իր նվիրվածությունը Microsoft-ին և դրա արտադրանքին:
Ով է ղեկավարելու ընկերությունը` դեռ չի հաղորդվում:
Սոցցանցերի բազմաթիվ օգտատերեր կիսել են իրենց տպավորությունները Բալմերի ելույթի մասին` այն համեմատելով ռոք համերգի հետ:
Նման հանդիպումներ անցնում են ամեն տարի, դրանց մասնակցում են հարյուրավոր մարդիկ ընկերության տարբեր բաժիններից: Այս անգամ միջոցառմանը մասնակցել է շուրջ 13 հազ. մարդ: Հանդիպմանը ներկա լրագրողների խոսքով` Սթիվ Բալմերն անգամ չի էլ փորձել զսպել արցունքները:
Իր ելույթում Բալմերը անդրադարձել է նաև հիմնական մրցակիցներին` Apple-ին անվանելով չափազանց նորաձև, Amazon-ին` էժան, իսկ Google-ին` ավելի շատ իմանալու վրա կենտրոնացած, մինչդեռ Microsoft-ը, ըստ Բալմերի, «ձգտում է անել ավելին»:
Civilnet










