ԱՄՆ-ի դաշնային գերատեսչությունները դադարեցնում են իրենց գործունեությունը Կոնգրեսի երկու պալատների միջև բյուջեի շուրջ շարունակվող տարաձայնությունների պատճառով, հաղորդում է BBC-ն։
Ներկայացուցիչների պալատում հանրապետական մեծամասնությունը պնդում է, որ առողջապահության բարեփոխումը, որն առաջ է մղում ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը, հետաձգվի մեկ տարով։ Սենատը, որտեղ մեծամասնություն ունեն դեմոկրատ նախագահի դաշնակիցները, հերքել է բյուջեի նախագիծը, որը ներառում է այդ պահանջը։
Փոխզիջման հասնելու վերջնաժամկետը լրացել է Վաշինգտոնի ժամանակով կեսգիշերին, որից հետո դաշնային կառավարության մարմինները սկսել են փուլ առ փուլ դադարեցնել իրենց գործունեությունը։
Մինչև փոխզիջման հասնելը դաշնային կառավարության 700 հազ․ ծառայողներ կլինեն չվճարվող արձակուրդում, իսկ պետական շատ ծառայություններ, մասնավորապես՝ անձնագրերի և այցագրերի տրամադրումը, չեն մատուցվի։
Կենսական կարևորություն ունեցող գործառույթները, մասնավորապես՝ ավիադիսպետչերների ծառայության աշխատանքը և միջուկային զինանոցի պահպանումը, կշարունակեն ֆինանսավորվել։
Վերջին 17 տարվա մեջ դաշնային կառավարությունն առաջին անգամ է «փակվում»։
Սեպտեմբերի 30-ի երեկոյան Օբաման ելույթ է ունեցել հեռուստատեսությամբ՝ հայտարարելով, որ հանրապետականները փորձում են կրկին բացել անցած ընտրություններին լուծված հարցը։
Նա մատնանշել է, որ դաշնային կառավարության գործունեության դադարեցումը կունենա անհապաղ բացասական հետևանքներ մեծ թվով մարդկանց բարեկեցության համար և կարող է ազդել ճգնաժամից հետո ամերիկյան տնտեսության վերականգնման վրա։
«Ամերիկացի ժողովրդի՝ թանկ գնով նվաճված ձեռքբերումները սպառնալիքի տակ դնելու գաղափարը անպատասխանատվության գագաթնակետն է, և դրանից կարելի է խուսափել»,- նախազգուշացրել է Օբաման։
ԱՄՆ-ի ֆոնդային շուկաները դաշնային բյուջեի բացակայությանն արձագանքել են անկմամբ, սակայն վերլուծաբանները կարծում են, որ ամերիկյան տնտեսությանը լուրջ վնասը քիչ հավանական է, միայն եթե պետական հաստատությունների փակումը չշարունակվի մի քանի օրվանից շատ։
Մինչև նոր բյուջեի ընդունումը ԱՄՆ-ում կփակվեն ազգային այգիները, Սմիթսոնյան թանգարանները և Վաշինգտոնի կենդանաբանական այգին։
Civilnet











