ԱՄՆ-ն բյուջետային ճգնաժամի պատճառով դադարեցրել է Եվրամիության հետ ազատ առևտրի հետ կապված բանակցությունները:
Ինչպես հաղորդում է BBC-ն, հաջորդ շաբաթ ամերիկացի փորձագետների և քաղաքական գործիչների խումբը պետք է մեկներ Բրյուսել՝ ազատ առևտրի մասին համաձայնագրի վերաբերյալ քննարկումները շարունակելու նպատակով: Սակայն նախօրեին ԱՄՆ-ի առևտրային ներկայացուցիչ Մայքլ Ֆրոմենը ԵՄ-ին տեղեկացրել է, որ ֆինանսական դժվարությունների և անձնակազմի պակասի պայմաններում հնարավոր չէ փորձագետներին ամբողջ կազմով ուղարկել բրյուսելյան բանակցություններին:
Սակայն նա նաև ընդգծել է, որ Վաշինգտոնը կշարունակի աշխատել ԵՄ-ի հետ՝ ճգնաժամի ավարտվելուն պես:
Մեկնաբանելով ամերիկյան կողմի հայտարարությունը՝ առևտրի հարցերով Եմ հանձնակատար Կարել դե Գուհտը ափսոսանք է հայտնել բանակցությունների ընդհատման վերաբերյալ:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ճգնաժամի պատճառով չեղյալ էր հայտարարել իր այցը Ասիա:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի դաշնային գերատեսչությունները դադարեցնում են իրենց գործունեությունը Կոնգրեսի երկու պալատների միջև բյուջեի շուրջ շարունակվող տարաձայնությունների պատճառով: Ներկայացուցիչների պալատում հանրապետական մեծամասնությունը պնդում է, որ առողջապահության բարեփոխումը, որն առաջ է մղում ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը, հետաձգվի մեկ տարով։ Սենատը, որտեղ մեծամասնություն ունեն դեմոկրատ նախագահի դաշնակիցները, հերքել է բյուջեի նախագիծը, որը ներառում է այդ պահանջը։ Մինչև փոխզիջման հասնելը դաշնային կառավարության 700 հազ․ ծառայողներ կլինեն չվճարվող արձակուրդում, իսկ պետական շատ ծառայություններ, մասնավորապես՝ անձնագրերի և այցագրերի տրամադրումը, չեն մատուցվի։
Civilnet











