Վարչապետի օգնականը` Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության ատենապետ

Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության (ՍԴՀԿ) Հայաստանի կազմակերպության նորընտիր վարչությունը նոյեմբերի 28-ին գումարել է իր անդրանիկ նիստը` փակելով ՍԴՀԿ Հայաստանի կազմակերպության 9-րդ համագումարը:
Ինչպես հաղորդում են ՍԴՀԿ մամուլի ծառայությունից, վարչության նիստում ընտրվել են հետևյալ դիվանային բաժանումները` Նարեկ Գալստյան (ատենապետ), Վազգեն Մեսրոպյան (փոխատենապետ), Հարություն Բալաբանյան (ատենադպիր), Գագիկ Մելիքյան (գանձապահ), Դմիտրի Մարտիրոսյան (քաղաքական դիվանի պատասխանատու), Արթուր Բարսեղյան (ներքին դիվանի պատասխանատու), Վարազդատ Եղիազարյան (երիտասարդական դիվանի պատասխանատու), Վոլոդյա Ազատյան (շրջանների հետ տարվող աշխատանքների պատասխանատու), Արսեն Կուպելյան (ընկերային դիվանի պատասխանատու):
Բացի դիվանային բաժանումներից` ՍԴՀԿ Հայաստանի վարչության որոշմամբ Արթուր Ղահրամանյանը նշանակվել է ՍԴՀԿ մամլո դիվանի պատասխանատու, իսկ Մանուկ Ստեփանյանը՝ գաղափարաքարոզչական դիվանի պատասխանատու:
ՍԴՀԿ ատենապետ Նարեկ Գալստյանը ծնվել է 1987թ. Երևանում: 2003-2007 թթ. ավարտել է ԵՊՀ Միջազգային հարաբերություններ ֆակուլտետի քաղաքագիտության բաժինը՝ քաղաքագետ որակավորմամբ, 2007-2009 թթ. նույն ֆակուլտետի հանրային կառավարում բաժինը, իսկ 2009-2012 թթ. ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի ասպիրանտուրան:
Աշխատանքային գործունեությունը սկսել է 2003թ. «Ազատություն» ռադիոկայանում: 2006թ. անդամագրվել է ՍԴՀԿ-ին, մի խումբ երիտասարդների հետ հիմնել ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» ուսանողական երիտասարդական միությունը: 2007-2011 թթ. եղել է ՍԴՀԿ մամուլի պատասխանատու: 2012-ից ՀՀ ԳԱԱ կրտսեր գիտաշխատող է: 2009-ին հիմնադրել է HayNews.am լրատվական կայքը, որի խմբագիրն է եղել մինչև 2012թ. օգոստոս ամիսը: 2012թ. սեպտեմբերից մինչև 2013թ. նոյեմբերը եղել է վարչապետի օգնական:
Civilnet









