«Գազպրոմը» միջնաժամկետ հեռանկարում կարող է մասնատվել առանձին ընկերությունների։
Ռուսական «Կոմերսանտ» պարբերականը հոդված է հրապարակել «Գազպրոմի» վերակառուցման հնարավորության մասին. այն որոշ կրճատումներով ներկայացվում է ստորև.
Գազի ներքին շուկայի բարեփոխումը, որը տեղապտույտում հայտնվեց 2000-ականներին, կարող է նոր թափ ստանալ։ «Գազպրոմի» վերակառուցման մասին նախորդ տարվանից սկսված ոչ ֆորմալ քննարկումներն առաջին անգամ ամրագրվել են պաշտոնական փաստաթղթում. էներգետիկայի նախարարությունը Ռուսաստանի Դաշնության էներգետիկ ռազմավարության մեջ առաջարկում է «հեռանկարում» գազային մենատիրոջ հիմնական բիզնեսից առանձնացնել փոխադրող բաղադրիչը, ապա հրաժարվել գազի մեծածախ գնի կարգավորման մեխանիզմից։ Այդուհանդերձ, «Գազպրոմի» կառուցվածքից խողովակաշարերի դուրսբերման մասին դեռ վաղ է խոսել։
Էներգետիկայի նախարարությունը հունվարի 23-ին հրապարակել է մինչև 2035թ. Ռուսաստանի Դաշնության էներգետիկ ռազմավարության հիմնական դրույթները։ Փաստաթուղթն առաջարկում է գազի ներքին շուկայի ազատականացման որոշ միջոցառումներ՝ աջակցել անկախ արտադրողներին ու զարգացնել բորսայական առևտուրը։ Էներգետիկայի նախարարության փորձագետներն անհրաժեշտ են համարել նաև «հեռանկարում «Գազպրոմում» ավարտին հասցնել գործունեության բնական-մենաշնորհային տեսակների տարանջատումը մրցակցայիններից», ինչպես նաև «գազի մեծածախ գների կարգավորումից անցում կատարել գազի փոխադրման սակագների կարգավորման»։
«Գազպրոմում» արդյունահանող ու փոխադրող բիզնեսների տարանջատման գաղափարը ակտիվ քննարկվում էր դեռ 2000-ականների սկզբներին։ Գրոհում էր առևտրի և տնեսական զարգացման նախարարությունը, որը ղեկավարում էր Գերման Գրեֆը. ստեղծվել էր աշխատանքային խումբ, անգամ մշակվել էր տարանջատման հայեցակարգը։ Սրան ի պատասխան, Ալեքսեյ Միլլերը («Գազպրոմի» վարչության նախագահ) ընկերությունում վերակառուցում նախաձեռնեց՝ «Գազպրոմի» դուստր կազմակերպություններն առանձնացնելով ըստ գործունեության ոլորտների։ Նման մանևրը թույլ տվեց խուսափել ավելի խորքային բարեփոխումներից։
«Գազպրոմն» արդեն իսկ առանձնացված հաշվետվություններ է վարում արդյունահանման, փոխադրման ու մատակարարման սեգմենտերում։ Այս սեգմենտերի շահութաբերությունը իրականում դժվար է գնահատել. «Գազամատակարարման միասնական համակարգը» ձգվում է ավելի քան 170 հազ. կմ, փոխադրող համակարգում «Գազպրոմի» ներդրումային ծրագիրը 2013թ. կազմել է 1 տրլն ռուբլի (մոտ $29,4 մլրդ)։
Պարբերականի տվյալներով՝ 2013թ. վերսկսվել են «Գազպրոմի» մասնատման շուրջ ոչ ֆորմալ քննարկումները։ Ընկերությունը բաց է թողել «թերթաքարային հեղափոխությունը», իսկ ԵՄ-ում Երրորդ էներգափաթեթի նորմերի ներդրման պատճառով առերեսվել է խնդիրների եվրոպական շուկայում։
Անկախ արդյունաբերողները, ինչպես «Ռոսնեֆտն» ու ՆՕՎԱՏԷԿ-ը, հրապարակավ քննադատում են գազի մատակարարման սակագների ոչ թափանցիկ համակարգը, ինչի արդյունքում նրանք ստիպված են ֆինանսավորել «Գազպրոմի» արտահանմանն ուղղված նախագծերում գազամատակարարման համակարգերի ընդլայնումը։ Այսպես, «Հարավային միջանցքի» («Հարավային հոսքի» նպատակների համար Գազամատակարարման միասնական համակարգի ընդլայնման նախագիծ) ծախսերը գնահատվել են 740 մլրդ ռուբլի (մոտ $21,7 մլրդ)։ Բացի այդ, արհեստականորեն բարձրացված են սակագները. «Սկոլկովո» էներգետիկ կենտրոնի հաշվարկներով, փոխադրող համակարգում «Գազպրոմի» մարժան (EBITDA-ով) 2012-ին գերազանցել է 50%-ը։
Այդուհանդերձ, այս ընկերությունները «Գազպրոմին» մասնատում չեն պարտադրում։ «Ռոսնեֆտի» ղեկավար Իգոր Սեչինը դեռ 2013թ. հոկտեմբերին հայտարարում էր, թե իր ընկերությանը լրիվ կբավարարի, եթե «Գազպրոմը» բիզնես ոլորտներում առանձին հաշվառում վարի։ Ինչպես պարբերականին մեկնաբանել են ՌԴ էներգետիկայի նախարարությունում, ռազմավարությունում հենց այս մոտեցումն էլ որդեգրվել է, թեև ձևակերպումները տարբեր մեկնաբանությունների հնարավորություն են տալիս։
«Գազպրոմում» հայտարարել են, որ մասնատումը սկզբունքորեն ոչ ճիշտ մոտեցում են համարում և «սա ապացուցելու են», իսկ հրապարակված էներգետիկ ռազմավարությունը ևս մեկ տհաճ փաստաթուղթ է։
«Հասկանալի է, որ «Գազպրոմի» մասնատման գաղափարը բազմաթիվ հակառակորդներ ունի, և պահը դեռ հարմար չէ»,- պարզաբանել է կառավարությանը մոտ կանգնած պարբերականի աղբյուրը։ Այդուհանդերձ, նման տարբերակ հնարավոր է միջնաժամկետ հեռանկարում, իսկ փոխվարչապետ Արկադի Դվորկովիչն ու էներգետիկայի նախարարությունը «ժամանակի հետ կարող են աջակցել» այս ծրագրին, կարծում է պարբերականի աղբյուրը։
«Բարեփոխման խոչընդոտող գործոն կարող է լինել Չինաստան գազի մատակարարման պայմանագրի կնքումը»,- կարծում է Իլդար Դավլետշինը «Ռենեսանս Կապիտալ»-ից։ ««Գազպրոմի» մասնատումը, Արևելյան Սիբիրի հանքավայրերում ներդրումների անհրաժեշտության պարագայում, երկրի ղեկավարությանը կարող է ռիսկային թվալ»,- նշել է նա։
Civilnet











