Գլխավոր Լրահոս

Ղրիմն ու Ղարաբաղը

Ղրիմն ու Ղարաբաղը
Մայիսի 25-ին՝ Ուկրաինայում նշանակված նախագահական ընտրությունների օրը, Ղրիմում հանրաքվե է անցկացվելու թերակղզու «ինքնավարության ընդլայնման» հարցով: Եթե այս ձևակերպումը բացենք, կստանանք, որ մայիսի 25-ին, ըստ ամենայնի, Ղրիմը փաստացի դուրս կգա Կիևի վերահսկողությունից և կանցնի Մոսկվայի վերահսկողության տակ: Հանրաքվեի արդյունքները դժվար չէ կանխատեսել՝ հաշվի առնելով, որ Ղրիմի մոտ 2,5 միլիոն բնակչությունից 1,5 միլիոնը ռուս է: Դրան պետք է գումարել Ղրիմում ներկայում տեղի ունեցող զարգացումները, ռուս զինվորականների գործողությունները, որոնք ավելի են հաստատում այդ սցենարի իրատեսականությունը: Կարևոր է նաև այն հանգամանքը, որ Ղրիմը 60 տարի առաջ Խորհրդային Ռուսաստանի կազմից հանվել և միացվել է Խորհրդային Ուկրաինային: Հետխորհրդային տարածքում հետաքրքրական իրավիճակ է ստեղծվել: Բոլոր այն երկրները, որոնք դուրս են գալիս ռուսական ազդեցության ծիրից, Ռուսաստանին ուղղակի կամ անուղղակի վճարում են տարածքներով: Վրաստանի դեպքում այդ վճարը Աբխազիան և Հարավային Օսիան էր: Ուկրաինայի դեպքում, մեծ հավանականությամբ, վճարը կլինի Ղրիմը՝ չհաշված, որ երկրի արևելյան շրջաններում ևս անջատողական տրամադրությունները թափ են հավաքում: Մոլդովայի դեպքում Ռուսաստանը որպես վճար ցանկանում է ամրագրել Մերձդնեստրը, ինչպես նաև Մոլդովայում հավաքական ապրող գագաուզներին, որոնք, ըստ ռուսական լրատվամիջոցների, ցանկանում են ոչ թե Եվրոպական Միության հետ ասոցացվել, այլ միանալ Ռուսաստանի Մաքսային միությանը: Ղարաբաղն այլ դեպք է Հարց է առաջանում՝ արդյոք Հայաստանի եվրոպական ասոցացման դեպքում գինը պետք է Ղարաբա՞ղը լիներ: Այս տեսակետը լայնորեն շրջանառվում է հատկապես Հայաստանի իշխանամերձ շրջանակների կողմից: Նախևառաջ, տեսականորեն, եթե Ռուսաստանը որոշեր Հայաստանին եվրոասոցացման համար «պատժել» Ղարաբաղը Ադրբեջանին խոստանալով, մեծ հարց է, թե արդյոք Ադրբեջանը Մոսկվայից կկարողանար պոկել այդ խոստումը: Երկրորդ, Հայաստանի համար այդ իրավիճակը անվտանգային նոր հրամայականներ առաջ կբերեր՝ մեծացնելով ՆԱՏՕ-ին անդամակցելու հնարավորությունը և Ռուսաստանի վերջնական հեռացումը Հարավային Կովկասից: Առհասարակ, Մաքսային միությանն անդամակցելու որոշումը Ղարաբաղով պայմանավորելը Հայաստանի ներկա իշխանությունների ներքին և արտաքին քաղաքական ձախողումները խոստովանելուց խուսափելն է:

Տեղադրություն

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում