Գլխավոր Լրահոս

Քեսապցի տեղահանվածներին շուտափույթ օգնություն է անհրաժեշտ

Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը Անթիլիասից երեք քահանա է ուղարկել Լաթաքիա, որպեսզի նրանք տեղում իրականացնեն քեսապցի տեղահանված ընտանիքների կարիքների և իրավիճակի գնահատումը: Այս մասին ՍիվիլՆեթին հեռախոսազրույցում տեղեկացրեց Լիբանանի «Հովարդ Կարագյոզյան» հիմնադրամի տնօրեն Սերոբ Օհանյանը:

Օհանյանի խոսքով՝ Հալեպի շտապ օգնության մարմինը Լաթաքիայում ենթակոմիտե է ստեղծել իրենց տները լքած Քեսապի հայերի համար: Նախնական գնահատականներով՝ Լաթաքիայում ներկայում Քեսապից 600 ընտանիք կա, որոնց մի մասը հանգրվանել է բարեկամների մոտ, մյուսները՝ տեղի հայկական Սուրբ Աստվածածին եկեղեցում: Սիրիայի Կարմիր մահիկի ընկերությունը նույնպես օգնություն է տրամադրում: Իրավիճակի մասին տեղեկացվել է նաև ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը:

Սիրիայի կարմիր մահիկի ընկերությունը տրամադրում է վերմակներ, դոշակներ, իսկ հայ համայնքը հասցնում է սնունդ, ջուր և հոգում սանիտարահիգիենիկ պայմանների մասին: Հայ առաքելական եկեղեցու քահանա Հայր Միրոն Ավետիսյանը և Հայ ավետարանչական եկեղեցու գերապատվելի Սևակ Թրաշյանը տեղեկացրել են, որ ֆինանսական շուտափույթ օգնության անհրաժեշտություն կա:

Սերոբ Օհանյանի խոսքով՝ հայ ընտանիքներից շատերը, որոնք հարձակման հենց սկզբում են փախել Քեսապից, ամբողջովին անպատրաստ են եկել, և նրանցից ոմանք անգամ անձնագրեր կամ նույնականացման փաստաթղթերը չեն հասցրել վերցնել իրենց հետ: «Կարագյոզյան» հիմնադրամի տնօրենի խոսքով՝ Հալեպի շտապ օգնության մարմինը ամեն ջանք գործադրում է հայ տեղահանվածներին օգնություն ցուցաբերելու համար:

Մարտի 21-ի վաղ առավոտյան սիրիացի ապստամբների զինված խմբավորումները Թուրքիայի կողմից անցել էին սիրիական սահմանը և հարձակվել Քեսապի հայաբնակ շրջանի ու շրջակա գյուղերի վրա: Մարտի 22-ի երեկոյան արդեն Քեսապի հայ բնակչությունն ամբողջությամբ տարհանվել էր Լաթաքիա:

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում