Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա կաթողիկոսը Սիրիայի հյուսիս-արևմուտքում գտնվող հայաբնակ Քեսապ շրջանի վրա թուրքական սահմանի կողմից սկսված հարձակման առաջին իսկ ժամերից հետևում է ստեղծված իրավիճակին, հաղորդում է «Բերիո լուրեր» ֆեյսբուքյան էջը։
Վեհափառը կապեր է հաստատել Հալեպի, Լաթաքիայի, Դամասկոսի և Լիբանանի հոգևոր, համայնքային և քաղաքական պատասխանատուների հետ և խորհրդակցություններ անցկացրել նրանց հետ։
Արամ Ա-ն կապվել է Սիրիայի նախագահական պալատի հետ և պահանջել անմիջապես բանակային նոր ջոկատներ ուղարկել Քեսապ՝ պաշտպանելու շրջանի հայությանը։ Նույն օրը գիշերը Վեհափառին այցելել է Լիբանանում Սիրիայի դեսպանը և հայտնել, թե Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադն իրեն հանձնարարել է տվել անմիջապես այցելել Վեհափառ հայրապետին և վստահեցնել, որ սիրիական պետությունն ու բանակն անելու են հնարավորը՝ շրջանում խաղաղության վերահաստատման համար։
Ավելի քան մեկ ժամ տևած հանդիպման ընթացքում դեսպանը հայտնել է, որ իրենց ունեցած հստակ տեղեկությունների համաձայն՝ Թուրքիան ոչ միայն քաջալերել է զինյալների մուտքը Քեսապ, այլև նրանց տրամադրել է ծանր զենքեր և դյուրացրել է նրանց առաջխաղացումը։
Դեսպանը նշել է, որ թեև Սիրիայի բանակը զոհեր է տվել, սակայն կարողացել է զգալի չափով հետ մղել զինյալների թափանցումը։ Դեսպանն ասել է, որ Սիրիայի նախագահն ու պետությունը խոր հարգանք ունեն հայ ժողովրդի հանդեպ և սիրիահպատակ հայերին համարում է սիրիական հայրենիքի հավատարիմ քաղաքացիներ ու նրանց պաշտպանությունը պետության պարտականությունն է։
Նա նաև նշել է, որ Քեսապը ռազմավարական նշանակություն ունի Սիրիական բանակի համար, ապա ավելացրել, որ բանակը ժամանակավորապես հայությանը փոխադրել է Լաթաքիա՝ անվտանգության նկատառումներով։
Արամ Ա-ն նշել է, որ Քեսապը խորհրդանշական իմաստ ունի ամբողջ հայ ժողովրդի համար։ Ավելի ուշ վեհափառը հոգևորականներից բաղկացած մի պատվիրակություն է ուղարկել Լաթաքիա։
Լիբանանում Սիրիայի դեսպանը պատգամավոր Հակոբ Բագրատունիի միջոցով Արամ Ա-ին հայտնել է, որ Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը վերահաստատել է իր` Քեսապում անվտանգությունն արագորեն վերահաստատելու հանձնառությունը` միաժամանակ նշելով, որ ինքը պատրաստ է ցանկացած պահի հանդիպել Վեհափառ հայրապետի հետ։
Մարտի 21-ի վաղ առավոտյան սիրիացի ապստամբների զինված խմբավորումները Թուրքիայի կողմից անցել էին սիրիական սահմանը և հարձակվել Քեսապի հայաբնակ շրջանի ու շրջակա գյուղերի վրա: Մարտի 22-ի երեկոյան Քեսապի գյուղերի բնակչությունն ամբողջությամբ արդեն տարհանվել էր Լաթաքիա:
Civilnet











