Քեսապի տեղահանված հայերի հարցը արտաքին գործերի նախարարության ուշադրության կենտրոնում է. այս մասին ՍիվիլՆեթի հետ զրույցում ասաց ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը` պատասխանելով Քեսապի տեղահանված հայերին աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ հարցին:
Մարտի 21-ի վաղ առավոտյան սիրիացի ապստամբների զինված խմբավորումները Թուրքիայի կողմից անցել էին սիրիական սահմանը և հարձակվել Քեսապի հայաբնակ շրջանի ու շրջակա գյուղերի վրա:
«Այժմ տեղահանվածները գտնվում են Լաթաքիայում, և մենք փորձում ենք ուղիներ որոնել` հնարավորինս տարբեր ձևերով օժանդակություն հասցնելու համար»,- ասաց Բալայանը:
Հարցին, թե արդյոք հնարավոր է, որ Քեսապի հայերը տեղափոխվեն Հայաստան, Բալայանը պատասխանեց, որ նման դեպքերի համար ԱԳՆ-ն հատուկ ընթացակարգ ունի` սիրիահայերին ընդունելու, քաղաքացիություն և մուտքի արտոնագիր տրամադրելու համար:
Մարտի 22-ի երեկոյան Քեսապի գյուղերի բնակչությունն ամբողջությամբ արդեն տարհանվել էր Լաթաքիա:
Civilnet











