«Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանը մարտի 24-ին Ազգային ժողովում անդրադարձավ Սիրիայի հայաբնակ Քեսապ շրջանում տիրող իրադարձություններին և տեղահանված հայերի խնդրին:
Դիմելով Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանին` որպես Ազգային անվտանգության խորհրդի անդամ, Թևան Պողոսյանը հարց ուղղեց, թե Հայաստանն ինչ քայլեր է մտադիր ձեռնարկել Քեսապի հայերին օգնելու համար` առաջարկելով խորհրդարանում քննարկումներ կազմակերպել արտգործնախարարության ներկայացուցչի մասնակցությամբ:
Հովիկ Աբրահամյանն ասաց, որ կիսում է նրա մտահոգությունը, սակայն «որպես պետություն իրենք չեն կարող միջամտել այլ սուվերեն պետության ներքին խնդիրներին»: Միաժամանակ` ԱԺ նախագահը հայտարարեց, որ պատրաստակամ է ԱԳՆ-ից ներկայացուցիչ հրավիրել Ազգային ժողով` հասկանալու, թե ինչ միջոցներ կարելի է ձեռնարկել Քեսապի հայերին օգնելու համար:
Մարտի 21-ի վաղ առավոտյան սիրիացի ապստամբների զինված խմբավորումները Թուրքիայի կողմից անցել էին սիրիական սահմանը և հարձակվել Քեսապի հայաբնակ շրջանի ու շրջակա գյուղերի վրա: Մարտի 22-ի երեկոյան Քեսապի գյուղերի բնակչությունն ամբողջությամբ արդեն տարհանվել էր Լաթաքիա:
Civilnet











