Ազգային ժողովի պատգամավորներ Սամվել Ֆարմանյանը (Հանրապետական), Էդմոն Մարուքյանը (անկախ պատգամավոր), Արման Սահակյանը (ՀՀԿ), Թևան Պողոսյանը «Ժառանգություն», Արթուր Գևորգյանը (ՀՀԿ), Նաիրա Կարապետյանը (ՀՀԿ), Լևոն Մարիտիրոսյանը (ՀՀԿ) մարտի 24-ին հայտարարություն են տարածել, որում անդրադառնում են Սիրիայի հայաբնակ Քեսապ շրջանում տեղի ունեցող իրադարձություններին և հայերի տեղահանմանը:
Հայտարարությունում, մասնավորապես, ասված է. «Աշխարհասփյուռ հայությունը ցնցված է Սիրայի Քեսապ քաղաքում և հարակից բնակավայրերում տեղի ունեցած վերջին իրադարձություններից, որի արդյունքում թուրքական զինուժի գործողությունների պատճառով տեղաբնակ հայությունը կրկին տարհանվել է՝ Հայոց ցեղասպանությունից գրեթե մեկ դար անց կրկին բռնելով գաղթի ճանապարհը:
Մենք` որպես ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ, տեղի ունեցածը գնահատելով ոչ թե որպես Սիրիայի կամ Թուրքիայի ներքին գործ, այլ, որպես մարդու իրավունքների զանգվածային խախտման արտառոց դեպք, խստորեն դատապարտում ենք թուրքական զինուժի գործողությունները, որը, ըստ էության, նոր մարտահրավեր է՝ ուղղված Ցեղասպանության հետևանքով Մերձավոր արևելքում ձևավորված հայկական սփյուռքի դեմ:
Կոչ ենք անում սիրիական ու թուրքական իշխանություններին անցկացնել տեղի ունեցած իրադարձությունների անաչառ հետաքննություն, իսկ միջազգային հանրությունից պահանջում ենք միանշանակ գնահատական տալ մարդու իրավունքների խատման այս նողկալի դեպքերի վերաբերյալ՝ ՄԱԿ-ի դիտորդներ ուղարկելով Քեսապի հայաբնական տարածքներ՝ փաստաթղթավորելու տեղի ունեցած մարդու իրավունքների զանգվածային խախտումների դեպքերը:
Կոչ ենք անում Հայաստանի Հանրապետության կառավարությանը՝ ձեռնարկելու անհրաժեշտ միջոցներ, իսկ աշխարհասփյուռ հայությանը՝ միավորելու ջանքերը սատար կանգնելու սիրիահայության իրավունքների պաշտպանությանը»:
Մարտի 21-ի վաղ առավոտյան զինված խմբավորումները անցել էին թուրք-սիրիական սահմանը և հարձակվել Քեսապի և մյուս հայաբնակ գյուղերի վրա: Մարտի 22-ի երեկոյան Քեսապի գյուղերի բնակչությունն ամբողջությամբ արդեն տարհանվել էր Լաթաքիա:
Civilnet











