Ազգային ժողովը մարտի 24-ին պատվիրակություն է կազմել և ուղարկել Սիրիա` տեղում հայերի խնդիրներին ծանոթանալու և դրանց հնարավոր լուծումներ գտնելու նպատակով: Այս մասին մարտի 25-ին ԱԺ-ում հայտարարեց Հովիկ Աբրահամյանը` նշելով, որ պատվիրակության կազմում են Սամվել ֆարմանյանը (ՀՀԿ), Լևոն Մարտիրոսյանը (ՀՀԿ), Արման Սահակյանը (ՀՀԿ), Նաիրա Կարապետյանը (ՀՀԿ), Թևան Պողոսյանը («Ժառանգություն») ու Էդմոն Մարուքյանը (անկախ պատգամավոր):
Պատվիրակության` հիմնականում հանրապետական պատգամավորներից բաղկացած կազմն առաջացրեց «Բարգավաճ Հայաստան» և Հայ հեղափոխական դաշնակցություն խմբակցությունների ներկայացուցիչների զայրույթը:
ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի հարցին, թե ինչու է պատվիրակությունը կազմված ՀՀԿ անդամներից, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հակադարձեց, թե Թևան Պողոսյանը ՀՀԿ-ից չէ:
«Բարգավաճ Հայաստանի» մեկ այլ անդամ Վահան Բաբայանն էլ նշեց, որ իրեն դուրս չի գալիս նման գործելաոճը, «քանի որ խմբակցություններին պետք է պատշաճ ձևով տեղեկացնեին պատվիրակության մասին»:
ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն էլ ասաց, որ ՀՀԿ-ն խոսում է երկխոսությունից, սական քայլերը հակառակն են ցույց տալիս:
Աղվան Վարդանյանի խոսքով` թեև իրենք խնդիր չունեն քեսապահայության հետ կապը պահպանելու առումով, քանի որ Դաշնակցության լիբանանյան կառույցներն աշխատում են, «սակայն պատվիրակություն կազմելու վերաբերյալ պարտավոր էին տեղեկացնել»:
Մարտի 21-ի վաղ առավոտյան սիրիացի ապստամբների զինված խմբավորումները Թուրքիայի կողմից անցել էին սիրիական սահմանը և հարձակվել Քեսապի հայաբնակ շրջանի ու շրջակա գյուղերի վրա: Մարտի 22-ի երեկոյան Քեսապի գյուղերի բնակչությունն ամբողջությամբ արդեն տարհանվել էր Լաթաքիա:
Սիրիա մեկած Աժ պատվիրակության անդամները մարտի 24-ին հայտարարություն էին տարածել, որում անդրադարձել էին Սիրիայի հայաբնակ Քեսապ շրջանում տեղի ունեցող իրադարձություններին և հայերի տեղահանմանը: Նրանք կոչ էին արել կառավարությանը պաշտպանել սիրիահայերին:
Civilnet










