Համաշխարհային բանկը նվազեցրել է 2014-ի համար ՌԴ տնտեսական աճի տեմպերի կանխատեսումը 2,2%-ից մինչև 1,1%` լավատեսական սցենարի դեպքում։ Այս մասին ասված է Համաշխարհային բանկի՝ Ռուսաստանի տնտեսության վերաբերյալ զեկույցում, որը հրապարակվել է մարտի 26-ին։
Վատատեսական սցենարը, որը ենթադրում է ղրիմյան ճգնաժամի շուրջ իրադրության սրում, 2014-ին նախատեսում է տնտեսության անկում 1,8%-ով։
2015թ․ ՌԴ տնտեսության աճի տեմպերի կանխատեսումը նվազեցվել է 2,7%-ից մինչև 1,3-2,1%։ Ավելի վաղ՝ 2013թ․ դեկտեմբերին, ՀԲ-ն 2014-ի համար նվազեցրել էր ՌԴ տնտեսության աճի տեմպերի կանխատեսումը 3,1%-ից մինչև 2,2%։
«Առաջին՝ սպառման աճը, ըստ ամենայնի, կդանդաղի և կկայունանա ավելի ցածր մակարդակում, քան նախորդ տարիներին։ Երկրորդ՝ մեր կանխատեսումը նախատեսում է, որ հաշվի առնելով հնարավոր բոլոր գործոնները՝ Ռուսաստանի տնտեսության աճի տեմպերն ավելի շատ կախված կլինեն ներդրումային պահանջարկի վերականգնումից։ Երրորդ՝ կարճաժամկետ հեռանկարում աճի տեմպերի վրա կազդի աշխարհաքաղաքական լարվածությունը՝ պայմանավորված ղրիմյան ճգնաժամով, ինչպես նաև այն, թե ճգնաժամն ինչպես կլուծվի»,- նշված է զեկույցում։
Ընդ որում՝ համաշխարհային տնտեսությունը, ինչպես նշում են փորձագետները, կաճի առաջիկա երկու տարիներին 3,2-3,4% տեմպով, Եվրամիության տնտեսությունը՝ 1,1-1,4%-ով, իսկ զարգացող երկրներինը տնտեսությունը՝ 5,3-5,5%։
Ի դեպ, հաշվի առնելով այն, որ Ռուսաստանը Հայաստանի կարևոր առևտրատնտեսական գործընկերն է, այդ երկրի տնտեսական խնդիրների խորացումն անխուսափելիորեն կանդրադառնա Հայաստանի տնտեսության և տնտեսական աճի վրա։ Մարտի 24-ին Երևանում կայացած ասուլիսին Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնը չբացառեց, որ Ռուսաստանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցների կիրառումը կարող է բացասական ազդեցություն ունենալ Հայաստանի տնտեսական աճի վրա, թեև դրանք առայժմ դրսևորվում են ընդամենը ռիսկերի տեսքով։
Civilnet











