Գլխավոր Լրահոս

Քեսապի հայության կարիքները բազմազան են

Քեսապի հայության կարիքները բազմազան են

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության տեղեկատվական բաժնից պատասխանել են ՍիվիլՆեթի հարցերին՝ Լաթաքիայում ապաստանած քեսապահայերի մասին:

-Արդեն տասն օրից ավելի է, ինչ Քեսապի հայերը տեղահանված են, և նրանց մեծ մասը ապաստանել է Լաթաքիայում: Ներկա պահին որո՞նք են առաջնային խնդիրները: Ի՞նչ քայլեր են արվել դրանց լուծման ուղղությամբ: Ովքե՞ր և ո՞ր կազմակերպություններն են հիմնական օժանդակություն տրամադրողները: Արդյոք կա՞ արտաքին օժանդակության խնդիր:

-Քէսապի տագնապի ստեղծումէն անմիջապէս յետոյ, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսին համար Քէսապի հայութեան ֆիզիքական ապահովութիւնը ու անոր կատարուելիք մարդասիրական օգնութիւնը դարձան առաջնահերթ կարեւորութիւն ներկայացնող խնդիրներ։ Առաջին հարցի գծով Վեհափառը պետական ու քաղաքական շրջանակներուն հետ մնայուն կապեր հաստատեց: Վեհափառ Հայրապետին հետ նաեւ կապեր հաստատեցին Միացեալ Ազգերու Կազմակերպութեան ներկայացուցիչները։ Այսպէս, Վեհափառ Հայրապետին հետ հեռաձայնային խորհրդակցութիւն ունեցաւ Ժեֆրի Ֆելթման Միացեալ Ազգերու Կազմակերպութեան ընդհանուր քարտուղարի քաղաքական հարցերու պատասխանատուն, ինչպէս նաեւ Անթիլիասի մայրավանք այցելեց Պան Քի Մունի ներկայացուցիչ Տելեկ Փլամպի։ Մարդասիրական գետնի վրայ Վեհափառ Հայրապետը Կաթողիկոսարանին կողմէ անմիջական օժանդակութիւն ղրկեց Լաթաքիա հաստատուած հայերուն, նաեւ Հալէպի մեր Ազգ. Առաջնորդարանը իր կարգին անհրաժեշտ օժանդակութիւնը կատարեց։ Եւ աւելին՝ Վեհափառ Հայրապետը կոչ ուղղեց մեր ժողովուրդի զաւակներուն նիւթապէս օգնութեան փութալու Քէսապի հայութեան։ Եւ որպէսզի այդ օժանդակութիւնները ըլլան աւելի կազմակերպ ու արագ, անհրաժեշտ է, որ անոնք կատարուին Կաթողիկոսարանի ճամբով՝ դէպի Լաթաքիա, ուր կազմուած է արդէն օժանդակութեան յանձնախումբ մը։ Ինչպէս Վեհափառ Հայրապետը երէկ իր խօսքին մէջ յիշեց, Քէսապի զօրակցութեան արտայայտութիւններ կը լսուին ամէն տեղ մեր ազգային կեանքէն ներս. սակայն անհրաժեշտ է, որ այդ զօրակցութիւնը գործնապէս թարգմանուի, որովհետեւ Լաթաքիոյ մէջ ապաստան գտած Քէսապի հայութեան կարիքները այլազան են ու բազմազան։

-Հայաստանի պետության կողմից որևէ մարդասիրական օգնություն կամ խոստում եղե՞լ է մինչ այս պահը: Քեսապցիներն արդյոք Հայաստանից օժանդակություն ակնկալո՞ւմ են:

-Քէսապէն ներս ստեղծուած տագնապի առաջին իսկ օրը Վեհափառ Հայրապետին հետ կապ հաստատեց Հայաստանի Հանրապետութեան Նախագահը ուզեց ստեղծուած տագնապին ամբողջական պատկերը ունենալ։ Բնականաբար Վեհափառ Հայրապետը լայն բացատրութիւններ տուաւ Պրն. Նախագահին եւ առաջարկեց որ Հայաստանի Հանրապետութիւնը քաղաքական ու դիւանագիտական մարզէն ներս անհրաժեշտ աշխատանքը կատարէ։ Յայտնենք, որ այդ աշխատանքը արդէն իսկ սկսած է կատարուիլ։

-Այս իրավիճակը կարող է երկար տևել: Ինչպե՞ս է հնարավոր տեղահանված հայերի խնդիրների լուծումը: Արդյոք նպատակահարմար համարո՞ւմ եք, որ Հայաստանի կառավարությունը նրանց աջակցի տեղափոխվել Հայաստան:

-Ճիշտ է, որ Քէսապի հարցը Սուրիոյ ընդհանուր կացութեան առնչուած է, սակայն նկատի ունենալով Քէսապի աշխարհագրական դիրքը, անոր ունեցած աշխարհա-քաղաքական եւ ռազմական կարեւորութիւնը, նաեւ նկատի ունենալով շրջանի բնակչութիւնը եւ այս ծիրէն ներս մանաւանդ հայկական ներկայութիւնը, այս բոլոր գործօնները բնականաբար Քէսապի հարցին լուծումը կը դարձնեն աւելի դժուար։ Մեր ժողովուրդին համար այս ծիրէն ներս հիմնական է թրքական գործօնը եւ հետեւաբար, անհրաժեշտ է շեշտը դնել անոր վրայ։ Ինչ կը վերաբերի հաւանական լուծման, յայտնենք, որ Վեհափառ Հայրապետը Միացեալ Ազգերու Կազմակերպութեան կողմէ իր հետ խորհրդակցող պատասխանատուներուն փոխանցեց իր անձնական մտածումը, որն է Քէսապի շրջանը հռչակել որպէս ապազինեալ գօտի եւ քէսապցիներու անմիջական վերադարձը Քէսապ։ Բնականաբար նման ծրագրի մը համաձայն պետք է ըլլան թրքական ու սուրիական իշխանութիւնները։ ՄԱԿ-ի պատասխանատուները շինիչ գտան Վեհափառ Հայրապետին մտածումը, եւ խոստացան այս ուղղութեամբ անհրաժեշտ խորհրդակցութիւնները ունենալ բոլոր կողմերուն հետ։

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում