Գլխավոր Լրահոս

Նալբանդյանը Քեսապի հարցով դիմել է ՄԱԿ-ին

Նալբանդյանը Քեսապի հարցով դիմել է ՄԱԿ-ին

Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Քեսապում ստեղծված իրադրության կապակցությամբ մարտի 28­-ին նամակ է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունին, հաղորդում են ԱԳՆ մամուլի ծառայությունից: Ի դեպ` Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն դեռ մարտի 27-ին էր ՄԱԿ-ին առաջարկել զինաթափել Քեսապը: Ռուսաստանի ԱԳՆ-ն, իր հերթին, ապրիլի 1-ին դիմել էր ՄԱԿ-ին` կոչ անելով քննել Քեսապի դեպքերը:

Հայաստանի արտգործնախարարի նամակում, մասնավորապես, ասված է. «Հայաստանն իր խոր մտահոգությունն է հայտնում վերջին շրջանում Սիրիայի հյուսիս-արևմուտքում՝ առավելապես հայերով բնակեցված հինավուրց Քեսապ քաղաքում և շրջակա 12 գյուղերում իրավիճակի սրման կապակցությամբ:  Հասանելի բոլոր վկայությունները և Քեսապի աշխարհագրական դիրքը թույլ են տալիս եզրակացնել, որ վերջին հարձակումները, առանց որևիցե կասկածի, իրականացվել են Թուրքիայի տարածքից սահմանը հատած, «Ալ Քաիդայի» հետ կապված ահաբեկչական խմբերի կողմից: Բռնի գործողությունները, որոնք մեծ մասամբ ուղղված էին քաղաքացիական բնակչության դեմ, հանգեցրել են տեղի բնակչության տեղահանմանը: Ծայրահեղական խմբերը պղծել են Քեսապի հայկական եկեղեցիները, զգալի վնաս են հասցրել բնակիչների ունեցվածքին՝ արձանագրելով մարդու իրավունքների կոպտագույն խախտումների  գորշ տեսարան: Միայն մի քանի տարեց մարդիկ են մնացել քաղաքում, որոնք ի վիճակի չեն եղել հեռանալ: Այս սոսկալի հարձակումները մեծապես վտանգում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից միաձայն ընդունված 2139 և 2118 բանաձևերի իրականացումը, որոնք ուղղված են ճանապարհ հարթելու սիրիական ճգնաժամի լուծման համար:

Հայաստանը բազմաթիվ առիթներով բարձրացրել է Սիրիայում զինված հակամարտության պայմաններում էթնիկ և կրոնական փոքրամասնությունների, այդ թվում հայերի, պաշտպանության անհապաղ անհրաժեշտության մասին, որոնք հայտնվել են ծայրահեղ խոցելի իրավիճակում և դարձել են առաջնային թիրախներ: Քանի որ հումանիտար ճգնաժամը շարունակվում է, շատ կարևոր է անհապաղ պահանջել թուրքական իշխանություններից ձեռնարկելու հրատապ քայլեր՝ ծայրահեղական խմբերի կողմից իր տարածքի հետագա օգտագործումը կանխելու համար:

Քաղաքացիական բնակչության դեմ ուժի կիրառումը, անկախ նրանց էթնիկ կամ կրոնական պատկանելությունից, պետք է միանշանակորեն դատապարտվի: Միջազգային հանրությունը պետք է վճռական ջանքեր գործադրի տեղահանված մարդկանց՝ ներառյալ հայերի, ապահովությունը և անվտանգությունը երաշխավորելու համար, պայմաններ ստեղծելու իրենց բնակության վայրերը նրանց շտապ, անվտանգ և արժանապատիվ վերադարձի համար և ապահովելու անհրաժեշտ մարդասիրական օգնություն՝ իրենց հրատապ կարիքները հոգալու համար»:

Մարտի 21-ի վաղ առավոտյան սիրիացի ապստամբների զինված խմբավորումները Թուրքիայի կողմից անցել էին սիրիական սահմանը և հարձակվել Քեսապի հայաբնակ շրջանի ու շրջակա գյուղերի վրա: Մարտի 22-ի երեկոյան Քեսապի գյուղերի բնակչությունն ամբողջությամբ արդեն տարհանվել էր Լաթաքիա:

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում