Գլխավոր Լրահոս

Ուկրաինան այլընտրանք չունի ռուսական գազին

Ուկրաինան այլընտրանք չունի ռուսական գազին

Ածխաջրածնային ոլորտում մասնագիտացած ֆրանսիական Pétrostratégies խորհրդատվական ընկերության նախագահ Պետրոս Թերզյանը Le Monde թերթում հոդված է հրապարակել «Ուկրաինական էներգետիկ ճգնաժամ» վերնագրով, որում անդրադառնում է ուկրաինական ճգնաժամի էներգետիկ կողմին: «ԵՄ-ն Ուկրաինայի նոր կառավարությանը 10,9 մլրդ եվրո և ԱՄՆ-ը 1 մլրդ դոլար վարկի խոստում են տվել, սակայն վերջնահաշվում նրանցից որևէ մեկը ցանկություն չի ունենալու Կիևի փոխարեն տարեկան 8,7 մլրդ եվրո վճարել ներկրվող գազի և 5,8 մլրդ եվրո՝ նավթի դիմաց»,- գրում է Թերզյանը:  Հոդվածը թարգմանաբար և կրճատ ներկայացված է ստորև:

Կիևում փետրվարի 22-ի քաղաքական հեղաշրջումը տեղի ունեցավ այն ժամանակ, երբ Ուկրաինան կորցնում է Եվրոպայի և Ռուսաստանի աչքում որպես հիմնական էներգետիկ միջանցքի իր կարևորությունը: Ուկրաինան երկու տասնամյակ եղել է Եվրոպա ռուսական գազի 80%-ի տարանցման անհրաժեշտ միջանցքը: Տարանցումից ուկրաինացիները գզալի եկամուտներ են ստացել և բանակցային կարևոր դիրք ինչպես Մոսկվայի, այնպես էլ եվրոպացիների նկատմամբ:

Սակայն այսօր ստեղծվում են շրջանցող գազամուղեր: Իսկ Կիևը շարունակում է չափազանց կախված մնալ ռուսական գազից և նավթից՝ դժվարությունների առերեսվելով իր էներգետիկ պարտքի մարման հարցում, որը կազմում է տարեկան 14,58 մլրդ եվրո: Ուկրաինան  2006թ. հունվարի և 2009թ. հունվարի գազային երկու մեծ ճգնաժամերի մեկնարկային կետն էր, երբ վտանգված էր ձմռանը Եվրոպա գազի մատակարարումը:  

Կիևի բազմակի մերժումները

Ռուսական «Գազպրոմը» դադարեցրեց մատակարարումները՝ պատճառ բերելով Կիևի անվճարունակությունը: Ուկրաինացիներն արձագանքեցին և գազի մի մասը ուղղորդեցին Եվրոպա, ինչը դրդեց «Գազպրոմին» դադարեցնել արտահանումը ամբողջ երկրի տարածքով:

1991թ. Ուկրաինայի անկախացումից ի վեր՝ եվրոպական գազային խոշոր ընկերությունները և «Գազպրոմը» Ուկրաինային մի շարք դեպքերում առաջարկել են տարանցիկ գազամուղերը ֆիզիկապես և իրավաբանորեն տարանջատել այն գազամուղերից, որոնցով գազ է մատակարարվում տեղական շուկա, սակայն Կիևը վճռականորեն մերժել է: Ի վերջո, եվրոպական գազային չորս կորպորացիները (գերմանական BASF և E.ON, դանիական GASUNIE և ֆրանսիական GDF Suez) միավորեցին «Գազպրոմի» հետ ջանքերը և 2011-2012 թթ. գործարկեցին «Հյուսիսային հոսք» գազամուղի (ևս երկուսը նախատեսվում է) երկու խողովակաշարեր, որոնցով տարեկան մատակարարվում է ռուսական 55 մլրդ խմ գազ:   

1224 կմ-անոց այս գազամուղը Ռուսաստանը անմիջականորեն՝ Բալթիկ ծովով՝ առանց երրորդ երկրի, կապում է Գերմանիայի հյուսիսի հետ. հուսալիության անհերքելի երաշխիք: Ուկրաինային շրջանցող այս խողովակաշարը գումարվում է Լեհաստանով և Բելառուսով Եվրոպային մատակարարվող ռուսական տարեկան 33 մլրդ խմ գազին: Եվս 16 մլրդ խմ գազ մատակարարվում է «Կապույտ հոսք» գազամուղով: Ուկրաինայի տարածքով անցնող ափամերձ խողովակաշարի ամրացման փոխարեն 2002թ. Սև ծովում կառուցվեց «Կապույտ հոսքը» Թուրքիային մատակարարումների համար:

Այսպիսով՝ մի քանի տարում Ուկրաինան կորցրեց որպես գազային մայրուղու իր կարևորության հիմնական մասը: 2014թ. ԵՄ-ն կկարողանա ներկրել ռուսական գազի 140 մլրդ խմ-ը՝ Ֆինլանդիա, բալթյան երկրներ և  Լեհաստան ուղղակի մատակարարումները չհաշված: Այդ գազի 74%-ը՝ 104 մլրդ խմ, կարող է շրջանցել Ուկրաինան՝ կազմելով այս երկրով տարանցվող ռուսական գազի 26%-ը՝ 36 մլրդ խմ (երեք տարի առաջվա 80%-ի համեմատ) և Եվորպայի գազի պահանջարկի միայն 8%-ը: Ուկրաինայի ցանցը տեխնիկապես կարող է ապահովել ռուսական 143 մլրդ խմ գազի տարանցում:

Բրյուսելը կանաչ լույս չի վառում

Իրականում ռուսական գազի ուկրաինական տարանցումը կարող է մի փոքր «գերազանցել» վերոնշյալ սցենարը, քանի որ Եվրոպայի գազմատակարարման ցանցը դեռևս ամբողջովին ինտեգրված չէ, իսկ միասնական հատվածները ծանրաբեռնված են ֆիզիկական և իրավապայմանագրային պատճառներով:

Բացի այդ՝ «Գազպրոմը» դեռևս չունի գերմանական «Հյուսիսային հոսք» խողովակաշարի՝ Չեխիայի ճյուղն («Օպալ»՝ տարեկան 38 մլրդ խմ) ամբողջ թողունակությամբ շահագործելու թույլտվությունը: Արևելյան Եվրոպային մատակարարումների համար Ուկրաինայով հոսքի որոշակի շտկումներ պետք է արվեն: Սակայն եվրոպացիները և ռուսները աշխատանքներ են տանում Ուկրաինայի հարավը շրջանցող մեկ այլ գազմուղի ուղղությամբ, որը Սև ծովով միմյանց է կապում Ռուսաստանի Նովոռոսիյսկի շրջանը Բուլղարիայի Վառնա քաղաքի հետ:  

Նպատակը նույնն է, ինչ «Կապույտ հոսքինը» և «Հյուսիսսյին հոսքինը»՝ շրջանցել Ուկրաինան: «Հարավային հոսք» անվամբ այս 2380 կմ-անոց գազամուղի (930 կմ-ը Սև ծովի հատակով) չորս ճյուղերից երկուսի գործարկումը նախատեսված է 2016թ. (տարեկան 31,5 մլրդ խմ գազ): Եթե այն 2019թ. գործարկվի ամբողջ թողունակությամբ՝ 63 մլրդ խմ գազ, ռուսական գազի՝ Ուկրաինայի տարածքով տարանցումը լիովին պամության գիրկը կանցնի:  

Սակայն այդքան էլ հստակ չէ՝ ինչպես է Ուկրաինան խուսափելու Մոսկվայից, որը ապահովում է նրա գազի 65% պահանջարկի 55%-ը (տարեկան 50-55 մլրդ խմ գազի 30-35 մլրդ խմ-ը) և նավթի պահանջարկի երկու երրրոդը: Իհարկե, որևէ մեկը չի պատկերացնում, որ արևմտյան ընկերությունները «Գազպորմից» ավելի էժան գազ կմատակարարեն: Եվ եթե անգամ այդպիսի բան տեղի ունենա, պետք է թանկարժեք ենթկառուցվածքներ կառուցվեն, ինչի համար տարիներ կպահանջվեն: Ավելին՝ ի վերջո որտեղի՞ց է գալու այս գազը՝ Ռուսաստանի՞ց:

Այս տհաճ իրողություններին առերեսվելու են ուկրաինացիները՝ անկախ իրենց առաջնորդներից: ԵՄ-ն Ուկրաինայի նոր կառավարությանը 10,9 մլրդ եվրո և ԱՄՆ-ը 1 մլրդ դոլար վարկի խոստում են տվել, սակայն վերջնահաշվում նրանցից որևէ մեկը ցանկություն չի ունենալու Կիևի փոխարեն տարեկան 8,7 մլրդ եվրո վճարել ներկրվող գազի և 5,8 մլրդ եվրո՝ նավթի դիմաց: 

 

2,18 մլրդ եվրո լրացուցիչ վճար/ծախս

Ուկրաինան այլընտրանք չունի Ռուսաստանի հետ համաձայնության գալուն: Եթե երկիրը վերականգնի իր տնտեսությունը և փոխարինող ենթակառուծվածքներ կառուցի, դա առնվազն տասը տարի կպահանջի՝ առանց ռուսական գազի ապրել կարողանալու համար:

2013թ. դեկտեմբերին Ռուսաստանը Ուկրաինային 10,9 մլրդ եվրո վարկ է հատկացրել և գազի գինն իջեցրել 30%-ով՝ մինչև 195,5 եվրո/1000 խմ՝ 295 եվրո/1000 խմ-ի դիմաց: Ակնկալվում էր, որ գնի իջեցումը կպահպանվի 5 տարի՝ Ուկրաինայի տնտեսության համար խնայելով տարեկան 2,5 մլրդ եվրո, ընդհանուր՝ 5 տարվա կտրվածքով՝ 21,8 մլրդ եվրո: Մոսկվան հույս ուներ, որ դրա դիմաց Ուկրաինան կմտնի Մաքսային միություն՝ հրաժարվելով ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրից:

Մայդանի հեղափոխությունը այս ծրագրերն ի չիք դարձրեց: Արդյունքում «Գազպրոմը» Ուկրաինայի իր հաճախորդ «Նաֆտոգազին» տեղեկացրեց, որ սկսած ապրիլի 1-ից՝ գազի գինը բարձրանում է մինչև 268,3 եվրո/1000 խմ՝ տարեկան լրացուցիչ 2,18 մլրդ եվրո: Գազի գինը հավասարեցվեց եվրոպական շուկաներում վաճառվող գնին: Մոսկվան ուկրաինացիներին և նրա արևմտյան հովանավորներին հաշիվ է ցույց տալիս: 

Ուկրաինան արտադրում է գազի իր տարեկան 55 մլրդ խմ պահանջարկի 20 մլրդ խմ-ը: Կիևը ածխաջրածնային պաշարների հայտնաբերման հույս ուներ, ինչը թույլ կտար նվազեցնել Մոսկվայից նրա կախվածությունը: Սակայն այդ ներուժը գտնվում է Ղրիմում, որտեղ այնպիսի հսկաներ, ինչպիսիք են ExxonMobil-ը, Shell-ը և Eni-ն գրեթե սկսել են հորատման աշխատանքները: Հետևաբար Կիևը ընտրություն չունի: 2014թ. մարտի 3-ին Ուկրաինայի նոր վարչապետ Արսենի Յացենյուկը հայտարարեց, որ «ոչ սովորական միջոցներ պետք է ձեռնարկվեն»:

Սրանց իրագործման դեպքում, ինչպես մյուսների, տեղական էներգիայի գները զգալիորեն կբարձրանան՝ վերջ դնելով պետության կողմից հատկացվող սուբսիդիաներին: Սա Արժույթի միջազգային հիմնադրամի պահանջներից է: ԵՄ-ի և ԱՄՆ-ի խոստացած  ֆինանսական աջակցությունը պայմանավորված է Կիևի կողմից «ԱՄՀ՝ հանրային ֆինանսական կառավարման չափանիշների ընդունմամբ»:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում