Այս տարվա ապրիլին տեղի ունեցած ցրտահարության և կարկտահարության հետևանքով գյուղացիական տնտեսությունները կրել են 11 մլրդ 181 մլն դրամի վնաս: Այս մասին մայիսի 7-ին լրագրողների հետ զրույցում ասաց գյուղատնտեսության նախարարի տեղակալ Գառնիկ Պետրոսյանը։ Տուժել է 9185 հա տարածք, 287 համայնք, 3700 տնտեսություն, հիմնականում` Արարատի և Արմավիրի մարզերում։
«Հիմնական մշակաբույսը, որը լրջորեն վնասվել է, և բերքը կորստի է մատնվել, ծիրանենին է։ Շուրջ 6711 հա տարածքի վրա կարելի է ասել գրեթե ամբողջությամբ ծիրանենու բերքը վնասվել է»,- ասաց Գառնիկ Պետրոսյանը։ Ծիրանի բերքը մասամբ պահպանվել է Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի մարզերի բարձրադիր շրջաններում։ Փոխնախարարը նշեց, որ մասամբ վնասվել են նաև սալորենու, դեղձենու և կեռասենու այգիները, սակայն կորուստները զգալի չեն։
Անդրադառնալով գյուղացիական տնտեսություններին կառավարության տրամադրած օժանդակության մասին՝ Գառնիկ Պետրոսյանն ասաց, որ 278 մլն դրամ տրամադրվել է հողի հարկն ամբողջությամբ փոխհատուցելու, 487 մլն դրամ՝ ոռոգման ջրի վարձավճարը 50 տոկոսով փոխհատուցելու համար։ 85 միլիոն դրամ էլ տրամադրվել է բանջարաբոստանային կուլտուրաների սերմացուների ձեռքբերման համար, ինչպես նաև տրամադրվել են խաղողի սեղանի սորտերի 8 հազար արմատակալներ։ Խոսելով գյուղացիներին վարկային արտանություններ տրամադրելու մասին՝ փոխնախարարը նշեց, որ աշխատանքներ են տարվում տարադրամով վարկերը դրամային վարկերով փոխարինելու, վարկերի տոկոսադրույքների մարումը երկարաձգելու կամ սառեցնելու ուղղությամբ։
ՍիվիլՆեթի հարցին, թե տրվող վարկային արտոնությունները դրամային արտահայտությամբ որքան են կազմում, Գառնիկ Պետրոսյանը պատասխանեց․ «Այս խնդրի վերաբերյալ կոնկրետ թվական տվյալներ որևէ մեկը չի կարող տրամարել, քանի որ կա բանկային գաղտնիք, և տրված վարկերի, տոկոսադրույքների վերաբերյալ մենք տեղեկատվություն չունենք»։
Փոխնախարարը հավելեց, որ իրենք ոչ թե փոխհատուցման խնդիր են դնում, այլ աջակցության։ «Իհարկե, այս ցուցաբերված աջակցությունը ոչ մի դեպքում համարժեք չէ այդ կորուստներին։ Սա ակնհայտ է»,- ասաց նա` կանխատեսվում է, որ այս տարի Հայաստանում կլինի ընդամենը 8 հազար տոննա ծիրանի բերք։
Ցրտահարության և կարկտահարության վնասը մեղմելու նպատակով կառավարության ապրիլի 10-ի նիստում որոշում էր ընդունվել տուժած մարզերի մարզպետարաններին հատկացնել 271 մլն դրամ՝ որպես հողի հարկի և համայնքի բյուջե վճարման ենթակա տարեկան գումարների փոխհատուցում: Երկու այլ որոշմամբ` գարնանացան գարու սերմացուի գինը 200 դրամից իջեցվել էր 130-ի և անվճար սերմացու էր հատկացվել մարզպետարաններին:
Մարտի 30-31-ին հանրապետության ամբողջ տարածքում, մասնավորապես` Արարատյան հարթավայրում և նախալեռնային գոտու ցածրադիր հատվածներում, ուժեղ ձյան և կարկուտի հետևանքով տուժել էին ծիրանենին և մյուս կորիզավոր պտղատեսակները:
2013-ին Արմավիրի մարզի կարկտահարությունից տուժած 630 գյուղացիական տնտեսություններին ցուցաբերվել է շուրջ 120 մլն դրամի օգնություն
Civilnet











