Վերջին երկու տարում բրազիլացի գործարարների խանդավառությունը՝ կապված ֆուտբոլի աշխարի 2014թ. առաջնության հետ, մարել է: Չնայած գործարարներից քչերն էին կանխատեսում, որ Մունդիալ-2014-ի հյուրընկալմամբ կաճեն ներդրումներն ու եկամուտները, այնուհանդերձ լիահույս էին, որ ենթակառուցվածքների բարելավումը և զբոսաշրջիկների հոսքը տևական ազդեցություն կունենա Բրազիլիայի տնտեսության համար, ասված է Grant Thornton միջազգային աուդիտորական ընկերության զեկույցում:
Զեկույցի համաձայն՝ 2014թ. 1-ին եռամսյակում բրազիլացի գործարարների միայն 33%-ն է կարծում, որ աշխարհի առաջնության հյուրընկալումը կարագացնի տնտեսական աճի տեմպերը, մինչդեռ 2012թ. 1-ին եռամսյակում այս տեսակետին է եղել գործարարների 80%-ը: Նվազել է նաև ընկերությունների թիվը, որոնք լրացուցիչ ներդրումներ են նախատեսել՝ կապված Մունդիալ-2014-ի հետ: Այսպես՝ 2014թ. նման մտադրություն են ունեցել ընկերությունների 11%-ը՝ 2012թ. 23%-ի համեմատ: Ընկերությունների միայն 19%-ն է կանխատեսում եկամուտների աճ առաջնության հյուրընկալման արդյունքում: 50%-ի կարծիքով՝ իրենց եկամուտները չեն փոխվի: Մունդիալ-2014-ից ամենամեծ եկամուտները կստանա զոբսաշրջության ոլորտը: Այս տեսակետին է գործարարների 52%-ը:
«Աշխարհի գավաթի շուրջ գործարարների ունեցած խանդավառությունը, անխոս, նվազել է, քանի որ Բրազիլիայում տնտեսական իրավիճակը վերջին երկու տարում վատթարացել է: Սկզբանական շրջանում գործարարները լիահույս էին, որ ենթակառուցվածքային այն ներդրումները, որոնք անհրաժեշտ են երկրում 600,000 այցելու հյուրըկալելու համար՝ չհաշված նրանց, ովքեր ժամանելու են 2016-ի օլիմպիական խաղերին, կխթանեն երկարաժամկետ տնտեսական աճը: Դա պետք է որ բարձրացներ միջազգային հետաքրքրությունը Բրազիլիայի հանդեպ, սակայն դրա փոխարեն միջազգային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում հայտնվեցին մարզադաշտի շինարարության ուշացումները, ինչպես նաև կառավարության և ՖԻՖԱ-ի դեմ հասարակական բողոքները»,- ասել է Grant Thornton-ի Բրազիլիայի մասնաճյուղի բաժնետեր Մադլեն Բլանքենշթեյնը:
Զեկույցի համաձայն՝ գործարարների գրեթե մեկ երրորդը կարծում է, որ մարզադաշտերի շինարարությունը խախտել է իրենց քաղաքի առօրյա կյանքի ռիթմը, և միայն 40%-ն է հավատում, որ մարզադաշտը մրցաշարի ավարտից հետո ևս արդյունավետ կերպով կշահագործվի:
Civilnet











