Սլովակիայից Ուկրաինա «Վոյանի-Ուժգորոդ» վերանորոգված խողովակաշարով հակադարձ ռեժիմով սկսվել են ռուսական գազի մատակարարումներ: Մատակարարումների նախատեսված ծավալը օրական 27 մլն խմ է, ռուսական «Ռիա նովոստի» գործակալությանը տեղեկացրել է Սլովակիայի գազատրանսպորտային համակարգի օպերատոր Eustream ընկերության ներկայացուցիչ Վահրամ Ճուղուրյանը։
Ուկրաինական լրատվամիջոցների տեղեկություններով՝ գազի հակադարձ մատակարարումների գինը կազմելու է մոտ $360/1000 խմ։
Ուկրաինական «Նաֆտոգազ» պետական նավթային ընկերության ղեկավար Անդրեյ Կոբոլևն ավելի վաղ հայտարարել էր, որ «Վոյանի-Ուժգորոդ» գազատարով մատակարարումները կարող են ապահովել Ուկրաինայի՝ ներմուծվող գազի բոլոր կարիքների մինչև 40%-ը։ «Նաֆտոգազի» տվյալների համաձայն՝ Սլովակիայից խողովակաշարով մատակարարումները կարող են գերազանցել Լեհաստանից հակադարձ մատակարարումները վեց անգամ, Հունգարիայից հակադարձ մատակարարումները՝ գրեթե երկու անգամ։
Ապրիլի սկզբից Ռուսաստանն Ուկրաինայի համար գազի գինը բարձրացրեց գրեթե կրկնակի՝ $268/1000 խմ-ից մինչև $485/1000 խմ-ի։
Տևական և անարդյունք բանակցություններից հետո ռուսական գազային հսկա «Գազպրոմը» հունիսի 16-ից «Նաֆտոգազի» համար սահմանեց կանխավճարի ռեժիմ, և այժմ Ուկրաինայի գազատրանսպորտային համակարգ մտնում են միայն Եվրոպայի համար նախատեսված տարանցման ծավալները։ «Նաֆտոգազի» պարտքը (չհաշված «վերցրու կամ վճարիր» պարտավորությունների շրջանակում պարտքը) «Գապրոմին» կազմում է մոտ $5,3 մլրդ։
Ֆրանսիական Petrostrategies ընկերության նախագահ Պետրոս Թերզյանը դեռ մայիսին խոսում էր Ուկրաինա ռուսական գազի հակադարձ մատակարարումների հնարավորության մասին:
1991թ․, երբ Ուկրաինան անկախացավ, Եվրոպա մատակարարվող ռուսական գազի 100%-ի տարանցումը կատարվում էր նրա տարածքով։ Սակայն տարիների ընթացքում պատկերը փոխվեց։ Ներկայում Ուկրաինայի տարածքով Եվրոպա արտահանվում է ռուսական գազի միայն 24%-ը՝ տարեկան $1 մլրդ տարանցման եկամտով։ 2013թ. տարանցման համար Ուկրաինան ստացել էր $3 մլրդ։
Civilnet











