Գլխավոր Լրահոս

Արցախը պետք է հստակ «ոչ» ասի Մադրիդյան սկզբունքներին

ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդները, ներկայացնելով տարբեր առաջարկներ Արցախի հարցի շուրջ, պետք է գոնե Ստեփանակերտում հստակ տեղեկանան հայկական կողմերի տեսակետների մասին: Դիվանագիտությունը շատերը բարդ բան են համարում և փորձում բանակցությունների ժամանակ «ճարպիկ» լինել, այնինչ դիմացի կողմը եզրահանգումներ անում է քո ասածից, և եթե ասածդ նրան Մադրիդյան սկզբունքներն առաջ մղելու ազդակներ է տալիս, ապա էլ ի՞նչ խնդիր: 2013թ. դեկտեմբերին ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի և ամերիկացի համանախագահների ու Արցախի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ հանդիպումը, ապա 2014թ. մայիսին Բերձորում համանախագահներին ցույցով դիմավորելը Ջեյմս Ուորլիքին դրդեց խոստովանության, որ ինքը տեղյակ չէր Արցախում Մադրիդյան սկզբունքների դեմ տրամադրությունների մասին:

Հետևելով միջնորդների և արցախյան պաշտոնյաների հանդիպումների մասին աղքատ հաղորդագրություններին՝ կարող էինք եզրակացնել, որ արցախյան հասարակության կարծիքը միջնորդները չէին լսում: Ուորլիքի մայիսյան խոստովանությունը եկավ լրացնելու այս եզրակացությունը:

Միջնորդները  գալիս էին Ստեփանակերտ և պաշտոնական շրջանակներից միշտ լսում «վերադարձ 1988թ. կարգավիճակին և տարածքներին չի կարող լինել»: Այս անողնաշար ձևակերպումը բոլորովին չի հակասում Մադրիդյան սկզբունքներին:

Նախագահի աշխատակազմը սխալ ազդակներ է հաղորդում միջազգային հանրությանը:

Արտգործնախարարությունը նույնպես քվազիդիվանագիտության գծի մեջ է: Միջնորդներն առավել շատ լսում էին մեղադրանքներ Ադրբեջանի հասցեին, շրջափակման և այլ հարցերի շուրջ, բայց ոչ հստակ արտահայտված կարծիք Մադրիդյան սկզբունքների վերաբերյալ: Դրա համար էլ միջնորդների ելույթներում անընդհատ խոսվում էր ԼՂԻՄ մաս չհանդիսացող տարածքներն Ադրբեջանին զիջելու և «Լեռնային Ղարաբաղում բնակվող հազարավոր մարդկանց մեկուսացման ու կախվածության կապանքներից ազատելու մասին»: Նման անհամաչափ վերաբերմունքն արցախյան «դիվանագիտության» ձեռքբերումն է: Մեկուսացման ու կախվածության կապանքների տպավորությունը միջնորդները ստացել էին ԼՂՀ նախագահականում և ԱԳՆ-ում հանդիպումների ժամանակ:

Մադրիդյան սկզբունքների մասին լրագրողների հարցերին արցախյան պաշտոնյաները խուսափողական պատասխաններ էին տալիս: Առաջին անգամ այս ավանդույթը 2014թ. հուլիսին խախտեց Արցախի վարչապետը: Նրա հայտարարությունն առ այն, որ Մադրիդյան սկզբունքները անընդունելի են Արցախի համար, արդեն տեղ է գտնում միջազգային լրատվամիջոցների վերլուծականներում: Սա կարևոր առաջընթաց է: Կարևոր է նաև այն, որ միջազգային հանրությունը հստակ ազդակներ ստանա, որ Արցախը ոչ մի տարածք չի հանձնելու, և որ Արցախի ճանաչումը նույնպես կարող է դառնալ խնդրի լուծման տարբերակ: Սա է հայկական կողմերի աշխատանքի ուղղությունը, հենց սա պետք է Արցախի նախագահականում լսեն միջնորդները, սա պետք է ողողի ամբողջ միջազգային մամուլը, սա պետք է հասցնենք այլ երկրների որոշում ընդունողներին: Դրա համար Արցախում նոր որակի իշխանություններ են պետք, իշխանություններ, որոնք հստակ կպաշտպանեն մեր ժողովրդի շահերն ու կկարողանան դա պարտադրել այլոց:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում