Մայր Աթոռը խստորեն դատապարտում է հայոց նվիրական սրբավայր հանդիսացող Դեր Զորի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցու եկեղեցու պայթեցումը ահաբեկչական խմբավորումների կողմից, ասված է Մայր Աթոռի հայտարարության մեջ:
Մայր Աթոռը Հայոց ցեղասպանության նահատակների մասունքներն ամփոփող եկեղեցու ավերումը անարգալից քայլ է համարում հայ ժողովրդի և նրա սուրբ նահատակների հիշատակի հանդեպ:
«Տեղի ունեցածն անթաքույց դրսևորում է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի հիշատակության շրջանակներում հարվածելու հայ ժողովրդի պահանջատիրական արդար ձգտումներին: Կատարվածն անմարդկային բարբարոսություն է և չի կարող արդարացվել որևէ կրոնի կամ գաղափարախոսության կողմից, որ հիմնված է աստվածպաշտական և մարդասիրական արժեքների վրա:
Հորդորում ենք մեր ժողովրդի զավակներին առավել ամրապնդվելու մեր նահատակների հանդեպ հարգանքի իրենց ուխտի մեջ և ի դերև հանելու չարագործների բոլոր դավադրությունները: Կոչ ենք ուղղում նաև միջազգային հանրությանը դատապարտել հիշյալ վայրագությունը` կանխելու համար նման ոճրագործությունների հնարավոր կրկնությունը»,- աված է հայտարարության մեջ:
Սիրիական պետական ՍԱՆԱ գործակալության հաղորդմամբ՝ Իրաքի և Սիրիայի Իսլամական պետության» (ISIS) ահաբեկիչները Դեր Զորում պայթեցրել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին կառուցված Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցին:
Յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ին Սիրիայից և հարևան երկրներից հազարավոր հայեր հավաքվում էին Դեր Զորում՝ ոգեկոչելու Մեծ եղեռնի զոհերի հիշատակը։
Եկեղեցու պայթեցումը խստորեն դատապարտել էր արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը «Սրբավայրի հանդեպ այս զարհուրելի բարբարոսությունը կրկին անգամ ցույց է տալիս այսպես կոչված «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վայրագ էությունը:
Միջազգային հանրությունը պետք է անհապաղ կանգնեցնի, արմատախիլ անի քաղաքակիրթ մարդկությանը սպառնացող այդ ժանտախտը, կտրի դրա սնուցման, ֆինանսավորման, աջակցության, հովանավորման ուղիները»,- ասել է նախարար Նալբանդյանը։
Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը հայտարարել էր, որ «եթե Թուրքիան կապ չունի Դեր Զորում Սրբոց Նահատակաց եկեղեցու դեմ իրականացված ահաբեկչական գործողության հետ, այն պետք է անմիջապես հանդես գա համապատասխան դատապարտող հայտարարությամբ»:
Եկեղեցու պայթեցումը խստորեն դատապարտել էր նաև Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ որակելով այն որպես մշակութային ցեղասպանության վառ դրսևորում:
Civilnet











