Գլխավոր Լրահոս

Ռուբլու կտրուկ տատանումները շուտով կավարտվեն. Պուտին

Ռուբլու կտրուկ տատանումները շուտով կավարտվեն. Պուտին

Վերջին երկու ամիսներին ռուսական արժույթը կտրուկ արժեզրկվել է:

Ռուբլու փոխարժեքի կտրուկ տատանումների ժամանակաշրջանը շուտով կավարտվի, քանի որ այդ երևույթը պայմանավորված չէ տնտեսական հիմնարար պատճառներով։ Այս մասին, ինչպես հաղորդում են ռուսական լրատվամիջոցները, նոյեմբերի 10-ին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ելույթ ունենալով Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթաժողովին Պեկինում։

Ռուսաստանի նախագահը փոխարժեքի տատանումներն անվանել է «սպեկուլյատիվ թռիչքներ», որոնց պատճառը չարաշահորդների (սպեկուլյանտների) ակտիվությունն է։

«Այսօր նկատվում են փոխարժեքի սպեկուլյատիվ թռիչքներ, սակայն կարծում եմ, որ մոտ ժամանակներս դա պետք է ավարտվի՝ հաշվի առնելով Կենտրոնական բանկի կողմից ձեռնարկվող միջոցառումները՝ ի պատասխան չարաշահորդների գործողությունների»,- ասել է Պուտինը։

Ռուսաստանի նախագահի կարծիքով՝ արժույթի շուկայում կատարվող իրադարձությունները «կապված չեն տնտեսական հիմնարար պատճառների և գործոնների հետ»։

«Այս ամենը հավասարակշռության կգա, սա կոնյունկտուրային, այսօրեական բնույթ է կրում»,- հավելել է Պուտինը։

Այսօր առավոտյան ռուբլին նկատելիորեն ամրապնդել է դիրքերը Մոսկվայի բորսայում։ Դոլարի փոխարժեքը կազմել է 45,90 ռուբլի, ինչը 0,75 ռուբլիով ցածր է նախորդ առևտրաշրջանի փակման մակարդակից, իսկ եվրոն կազմել է 57,1805 ռուբլի, ինչը 0,7785 ռուբլիով ցածր է ուրբաթօրյա առևտրաշրջանի փակման մակարդակից։ Առավոտվա առևտրաշրջանի ընթացքում եվրոյի փոխարժեքն առավելագույնը հասել է 58,0805 ռուբլու։

Վերջին երկու ամիսներին ռուսական արժույթը կտրուկ արժեզրկվել է. ռուբլու փոխարժեքը դոլարի նկատմամբ նվազել է 28,4%-ով, եվրոյի նկատմամբ՝ 21,1%-ով։

Նոյեմբերի 7-ին Ռուսաստանի Կենտրոնական բանկը հանդես էր եկել հայտարարությամբ, որ պատրաստ է օգտագործել ունեցած գործիքների ամբողջ զինանոցը՝ պահելու ռուբլու փոխարժեքը։ Հայտարարությունից հետո ռուսական արժույթի անկումը կանգ էր առել։

Իսկ նոյեմբերի 10-ին Կենտրոնական բանկը հայտարարել է, որ անցում է կատարում ռուբլու լողացող փոխարժեքի քաղաքականությանը՝ հրաժարվելով երկարժույթ զամբյուղի (դոլար, եվրո) քաղաքականությունից։

Այժմ ռուբլու փոխարժեքը ձևավորվելու է շուկայական գործոնների ազդեցությամբ, ինչը պետք է նպաստի Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության արդյունավետության ամրապնդմանը և ապահովի գների կայունությունը։ Դա նաև կնպաստի տնտեսության՝ արտաքին պայմանների փոփոխություններին ավելի արագ հարմարվելուն և կմծացնի բացասական ցնցումների նկատմամբ տնտեսության կայունությունը, համոզված են Ռուսաստանի Կենտրոնական բանկում։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում