Ռուսաստանի Կենտրոնական բանկը նոյեմբերի 10-ին անցում կատարեց ռուբլու լողացող փոխարժեքի քաղաքականության, ինչը նպաստեց արժույթի շուկայում ռուսական արժույթի կայունացմանը։ «Կենտրոնական բանկը հասկացրեց, որ մտադիր է ներդրողներին հեռու պահել ռուբլու թուլացման խաղից»,- գրում է բրիտանական Financial Times պարբերականի թղթակից Քեթրին Հիլեն։
Վերլուծաբաններն ասում են, որ Ռուսաստանի Կենտրոնական բանկի քայլերն ամրապնդեցին չարաշահորդներին (սպեկուլյանտներ) զսպելու նրա հնարավորությունները, սակայն հավելում են՝ պահպանվում է ռիսկը, որ ռուբլու արժեզրկման միտումը կվերականգնվի։
Մոսկվայի «Սբերբանկի»՝ արժութային ռազմավարությունների գծով ավագ փորձագետ Թոմ Լևինսոնը կարծում է, որ այս միջոցառումը «ստեղծել է երկկողմանի ռիսկ, որի կարիքը [ռուսական] արժույթը խիստ զգում էր։ [Կենտրոնական բանկը] մեկը մյուսի հետևից փակում է ուղիները, որոնք ամենից վատն են պաշտպանված չարաշահորդություններից»։ Ընդ որում՝ փորձագետը նշում է․ «Ուկրաինայում վերստին սրվող ճգնաժամն ու այս շաբաթվա վերջին կայանալիք [G20-ի] հանդիպումը հնարավոր է՝ ստեղծեն մի իրադրություն, երբ [ռուբլու] վրա ճնշումները վերականգնվեն»։
Կենտրոնական բանկը նոյեմբերի 10-ին նաև ուշադրությունը բևեռեց Ռուսաստանի տնտեսության նկատմամբ աճող ճնշման վրա՝ պայմանավորված նավթի անկում ապրող գներով և արևմտյան պատժամիջոցներով։ Կենտրոնական բանկը գնաճի մակարդակի՝ մինչև 4% միջնաժամկետ նվազման նպատակը 2016-ից տեղափոխեց 2017թ․, ինչպես նաև հայտարարեց, որ չի փորձելու այդ նպատակը կյանքի կոչել ամեն գնով։ Կենտրոնական բանկը նաև խիստ վերանայեց իր մակրոտնտեսական կանխատեսումները, գրում է Հիլեն։
Civilnet











