Գլխավոր Լրահոս

Ռուբլու ճգնաժամի ավարտը դեռ շատ հեռու է. Economist

Ռուբլու ճգնաժամի ավարտը դեռ շատ հեռու է. Economist

Ռուսական ռուբլին վերջին երեք ամսվա ընթացքում դոլարի նկատմամբ արժեզրկվել է 23%-ով: Ռուբլու կտրուկ արժեզրկման մասին հոդված է հրապարակել բրիտանական Economist հանդեսը, որը վերնագրված է «Ռուբլու ջախջախումը»: Հոդվածը թարգմանաբար ներկայացված է ստորև:

Կենտրոնական բանկի ցանկացած ղեկավար գիտի վստահության կարևորության մասին: Թղթադրամների աշխարհում, որոնք որևէ այլ բանի հետ փոխկապված չեն, գնորդներն ու ընկերությունները պետք է վստահ լինեն, որ փողը չի կորցնի իր արժեքը: Ներկայում նրանց վստահությունը կայունության տեսանկյունից փորձարկվում է Ռուսաստանում, որտեղ ռուբլին վերջին երեք ամսվա ընթացքում դոլարի նկատմամբ արժեզրկվել է 23%-ով:

Այսպիսի կտրուկ անկումը անխուսափելիորեն հանգեցնում է գնաճի՝ ներմուծվող ապրանքների թանկացման տեսքով, և սա լուրջ անհանգստություն է պատճառում, քանզի Ռուսաստանում սպառողական ապրանքների գներն արդեն աճում են տարեկան 8%-ով: Միաժամանակ՝ վերջին շաբաթների ընթացքում ի հայտ են գալիս շատ ավելի մտահոգիչ բանի նշաններ: Բախվելով դոլարի նկատմամբ կտրուկ պահանջարկի՝ ռուսական բանկերը ստիպված էին բարձրացնել դոլարային ավանդների տոկոսադրույքները՝ պոտենցիալ ներդրողներ ներգրավելու նպատակով: Բանկային բջիջների նկատմամբ պահանջարկը մեծացել է, ինչը խոսում է այն մասին, որ սպառողները փորձում են խնայողություններ անել արտարժույթով:

Ռուսաստանի Կենտրոնական բանկի ղեկավար Էլվիրա Նաբիուլինան ջանք չի խնայում այդ միտումը սաղմում խեղդելու համար: Նա նախ նոյեմբերի 5-ին ռեպո տոկոսադրույքը բարձրացրեց մինչև 9,5%: Սա նշանակում է, որ ռուբլիով ավանդները ավելի մեծ եկամուտ կբերեն, քան դոլարային ավանդները, ինչը պետք է մեծացնի ազգային արժույթի գրավչությունը: Ապա նա փորձեց զսպել ռուբլու դեմ արվող խաղադրույքները՝ սպառնալով Կենտրոնական բանկի օրական 350 մլն դոլարի ինտերվենցիաների փոխարեն ավելի մասշտաբային ինտերվենցիաներ կատարել։ Վերջապես, նա սահմանափակեց առևտրային բանկերի մատչումը ռուբլու նկատմամբ, որպեսզի սահմանափակի ի վնաս ազգային արժույթի շահարկման հնարավորությունները:

Նաբիուլինան ստիպված էր խիզախություն դրսևորել: Ռուբլու անկման պատճառները խորն են, և դրանցից ոչ մեկը չի վերանա մոտ ժամանակներում: Առաջին պատճառը նավթի գներն են: 2014թ. առաջին կեսին արտահանումը Ռուսաստանին բերել է 255 մլրդ ռուբլի, և այդ եկամուտների 68%-ը բաժին է ընկնում նավթի և բնական գազի վաճառքին: Այդ ժամանակահատվածում նավթի գինը կազմել է միջինը 109 դոլար մեկ բարելի դիմաց: Ներկայում նավթի գինը կազմում է մոտ 80 դոլար: Եթե հաշվի առնենք ռուսական էներգառեսուրսների արտահանման ծավալների համամասնական կրճատումը, ապա Ռուսաստանի եկամուտները կնվազեն ավելի քան 40 մլրդ դոլարով: Դա լիովին բավարար է, որպեսզի Ռուսաստանի ընթացիկ հաշվի հավելուրդ չլինի:

Տնտեսությունների մեծամասնությունում արագ արժեզրկումը հանգեցնում է տեղական արտադրության ապրանքների նկատմամբ աճի. արտասահմանյան արտադրության ապրանքները թանկանում են, գնորդները այլընտրանք են փնտրում տեղական արտադրության մեջ: Սակայն Ռուսաստանի նորագույն պատմությունը լրջորեն բարդացնում է նման փոխարինման գործընթացը: Խորհրդային սուբսիդիաներից շուկայական գյուղատնտեսության անցումը այդքան էլ հարթ չեղավ. տավարի, խոզի և թռչնի մսի արտադրության ծավալները Ռուսաստանում և Ուկրաինայում նվազել են 1991-ի 13 մլն տոննայից մինչև 2001-ի ընդամենը 5 մլն տոննայ: Չնայած նրան, որ վերջին շրջանում որոշակի բարելավում է տեղի ունեցել (մասնավորապես ցորենի արտադրության ծավալներում)՝ Ռուսաստանի գյուղատնտեսությունը շարունակում է բացարձակ անարդյունավետ մնալ: Արդյունքում բազմաթիվ ներկրվող ապրանքներ (կաթ, միս և ձու) չունեն ազգային այլընտրանք: Մեծածախ ներկրողներին դոլար է անհրաժեշտ, որը ռուբլու վրա ճնշում է ստեղծում:

Կան ևս մի շարք պատճառներ ռուբլի վաճառելու և դոլար գնելու համար: Կենտրոնական բանկի տվյալներով՝ ներկայում Ռուսաստանի արտաքին պարտքը կազմում է 120 մլրդ դոլար, և դրա մարման ժամկետը լրանում է հաջորդ տարի: Այս պարտքի մոտ 1/3-ը բաժին է ընկնում բանկերին, իսկ մնացած 2/3-ը ՝ մյուս ընկերություններին: Այս ընկերություններից մի քանիսը, որոնք հիմնականում ռուսական էներգետիկ հսկաներ են, շահույթ են ստանում դոլարի տեսքով, իսկ մնացած ընկերությունների մեծ մասը, այդ թվում՝ բանկերը՝ ոչ: Քանի որ պատժամիջոցները խանգարում են բազմաթիվ ռուսական ընկերությունների՝ պարտքով միջոցներ վերցնել արտասահմանից՝ իրենց դոլարային պարտքերը վերաֆինանսավորելու համար, դոլարի մշտական պահանջարկ է առաջանում: Հաշվի առնելով, որ վճարումների ժամկետները հիմնականում լրանում են դեկտեմբերին, սա կարող է հանգեցնել մինչև տարվա վերջ ռուբլու նկատմամբ ևս մեկ ջախջախիչ հարվածի:

Արտասահմանյան շուկաներից և արժույթներից կախումը ցավագին է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի համար: Նոյեմբերի 10-ին նա համաձայնագիր է ստորագրել չինացի պաշտոնակից Սի Ցզինպինի հետ, ինչի համաձայն՝ ռուսական գազը նոր գազամուղով պետք է մատակարարվի Չինաստան: Այս գործարքը նոր հզոր պահանջարկի աղբյուր կապահովի, որի հետևանքով Չինաստանը կկարողանա Եվրոպային՝ որպես գլխավոր գործընկերոջ, դուրս հանել Ռուսաստանի արտահաման շուկայից: Բացի այդ՝ յուանով առևտուր սկսելու համաձայնագիրը կկրճատի ամերիկյան արժույթի նկատմամբ պահանջարկը:

Սակայն նոր գազատարերի կառուցումը տարիներ կտևի, և այս նախագծի ֆինանսավորման հարցերը վերջնական լուծված չեն: Միաժամանակ՝ Ռուսաստանը երկար տարիներ հնարավոր է՝ ստիպված լինի պայքարել նավթի և գազի ցածր գների հետևանքների հետ: Նոյեմբերի 12-ին ամերիկյան «Էներգետիկ տեղեկատվական վարչություն» կազմակերպությունը տեղեկացրեց, որ 2015թ. նավթի գինը կկազմի 83 դոլար մեկ բարելի դիմաց: Հիմնվելով լավատեսական կանխատեսման վրա, որ նավթի գինը կաճի մինչև 90 դոլար, Նաբիբուլինան պնդում է, որ 2015թ. աճը կլինի զրոյական, իսկ գնաճը կկազմի 8%: Այսպիսով, ռուսական ռուբլու ճգնաժամի ավարտը դեռ շատ հեռու է:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում