Bloomberg-ի հարցման մասնակիցները կարծում են, որ նավթի գների անկումից ամենաշատը կտուժի Ռուսաստանը
ՄԻջազգային ֆինանսական շուկայի համար ամենամեծ սպառնալիքը Ռուսաստանն է. այս մասին է վկայում Bloomberg Global Poll-ի՝ միջազգային ներդրողների շրջանում անցկացրած հարցումը։ Ներդրողների 52%-ը հինգ հնարավոր ռիսկերից նշել է ռուս-ուկրաինական ճգնաժամը, 26%-ը՝ «Իսլամական պետություն» խմբավորումը, 5%-ը՝ «Էբոլա» համաճարակը։
Հարցվածների 46%-ի կարծիքով՝ ֆինանսական շուկայի՝ ռազմական և քաղաքական բռնությամբ պայմանավորված ռիսկերը աճել են, 41%-ը կարծում է, որ ռիսկերը մնացել են անփոփոխ, 13%-ը դրանց նվազում է նկատել։
Հարցման մասնակիցները նաև կարծում են, որ նավթի գների անկումից ամենաշատը կտուժի Ռուսաստանը․ այսպես է մտածում հարցվածների 52%-ը։ Ռուսաստանին հաջորդում են Վենեսուելան՝ 21%, Սաուդյան Արաբիան՝ 12%, Իրանը՝ 6%։
Ռուսաստանի բյուջեն խիստ կախված է նավթից, մինչդեռ Մերձավոր Արևելքի երկրները, թեև ավելի մեծ օգուտ են ստանում նավթի բարձր գներից, «կարող են իրենց թույլ տալ նաև ցածր գներ»։
Հարցմանը մասնակցել է Bloomberg-ի բաժանորդագիր 510 ներդրող, վերլուծաբան և թրեյդեր։ Այն անցկացվել է նոյեմբերի 11-12-ին։
Civilnet











