Facebook-ը գրասենյակային ցանց է ստեղծում

Facebook-ն ունի ավելի քան 1 մլրդ օգտատեր։
Facebook-ը գաղտնի մշակում է նոր կայք՝ Facebook for Work, որի նպատակը գործընկերների միջև շփումն է, գրում է բրիտանական Financial Times-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները։ Ըստ պարբերականի՝ Facebook-ի նոր արտադրանքը նախատեսված է գործնական շփման համար, այն ներառում է չաթ և փաստաթղթերի վրա աշխատելու հնարավորություն, իսկ նրա թիրախային լսարանը գրասենյակային աշխատողներն են։ Այսպիսով՝ նախագիծը ուղղակիորեն մրցակցում է Google Drive-ի, Microsoft Outlook-ի և LinkedIn-ի հետ։ «Օգտատերերը կկարողանան քննարկել աշխատանքային փաստաթղթեր, շփվել, պահպանել կարևոր կոնտակտները՝ ի ցույց չդնելով Facebook-ի իրենց անձնական էջը՝ «արձակուրդի նկարներով, քաղաքականության վերաբերյալ տեսակետներով ու հիմար տեսանյութերով հանդերձ»»,- գրում է պարբերականը։
Facebook-ի նոր ծառայությունը նման է լինելու հենց սոցցանցին․ այն ներառելու է լրահոս և կոնտակտային խմբեր։ Financial Times-ի տեղեկություններով՝ Facebook-ի աշխատակիցներն արդեն փորձարկել են նոր սոցցանցը, այժմ այն փորձարկում է անցնում այլ ընկերություններում։ Պարբերականը հիշեցնում է, որ շատ ընկերություններ արգելափակում են իրենց աշխատակիցների մատչումը Facebook-ին՝ վախենալով ժամանակի ապարդյուն վատնումից, և այժմ սոցցանցին անհրաժեշտ է վերականգնել նրանց վստահությունը։
Իր նոր նախագծի վերաբերյալ մեկնաբանություններից Facebook-ը հրաժարվել է։
Civilnet










