Ռուսաստանի ֆինանսների նախկին նախարար Ալեքսեյ Կուդրին
Պատժամիջոցները ռուբլու թուլացման վրա ազդել են գրեթե նույնքան ուժգին, որքան նավթի գների անկումը, և 2015թ․ հենց այս գործոնները կարող են հանգեցնել ՀՆԱ-ի նվազման, կարծում է Ռուսաստանի ֆինանսների նախկին նախարար Ալեքսեյ Կուդրինը։
«Արտաքին ներդրումների և ռուբլու նկատմամբ վստահության տեսանկյունից նախկին հնարավորությունները վերականգնել կհաջողվի մեր տնտեսության 7-10 տարվա աճի արդյունքում։ Ռուբլին չի դառնա պահուստային արժույթ, անգամ՝ շրջանային, առնվազն առաջիկա 20 տարիներին»,- գրում է Կուդրինը ռուսական «Վեդոմոստի» թերթում հրապարակած իր սյունակում։
«Մենք այժմ անցումային փուլում ենք․ լճացող տնտեսությունը նոր փուլ է մտնում 3-4 տարով, հնարավոր է՝ ավելի երկար։ Մարդիկ փոխում են վարքագիծը՝ կրճատելով սպառումը և խնայելով սև օրվա համար՝ աշխատանքը կորցնելու դեպքում։ Ձեռնարկությունները կրճատում են զարգացման ծրագրերը։ Նախքան ճգնաժամը ներքին պահանջարկի միջին աճը տարեկան կազմում էր 6,9 տոկոս, իսկ անցյալ տարի՝ 1,3 տոկոս։ Ներդրումների մակարդակը նվազում է երկրորդ տարին անընդմեջ»,- շարունակում է նա։
Կուդրինի կարծիքով՝ ստեղծված իրադրությունում Ռուսաստանի իշխանություններին ու բիզնես կառույցներին անհրաժեշտ է «ապավինել հասարակության բաց լինելու՝ ժամանակակից և աշխարհում փորձված ինստիտուտին»։
Ինչպես կարծում է նախկին նախարարը, Ռուսաստանը ստիպված է լինելու երկար ապրել տնտեսական պատժամիջոցների պայմաններում։ «Իմ կանխատեսմամբ՝ տարիներ։ Թե կոնկրետ քանի տարի, կախված է երկու կողմերի քաղաքական ապագա որոշումներից»,- գրում է նա։
Ռուսական ռուբլին վերջին երեք ամսվա ընթացքում խիստ արժեզրկվել է դոլարի և եվրոյի նկատմամբ։
Նոյեմբերի 10-ին Ռուսաստանի Կենտրոնական բանկը հայտարարեց, որ անցում է կատարում ռուբլու լողացող փոխարժեքի քաղաքականությանը՝ հրաժարվելով երկարժույթ զամբյուղի (դոլար, եվրո) քաղաքականությունից։
Մոսկվայի բորսայում նոյեմբերի 21-ի առավոտվա առևտրաշրջանի ընթացքում դոլարի փոխարժեքը նոյեմբերի 13-ից ի վեր առաջին անգամ իջել է 46 ռուբլի մակարդակից՝ ժամը 10։50-ի դրությամբ կազմելով 45,76 ռուբլի։ Նույն ժամի դրությամբ՝ եվրոյի փոխարժեքը նվազել է մինչև 57,41 ռուբլի։
Civilnet











