Ռուսաստանի Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկին
Մոտ քառասուն երկիր մտադիր է ազատ առևտրի գոտի ստեղծել Եվրասիական տնտեսական միության հետ, նոյեմբերի 24-ին հայտարարել է Ռուսաստանի Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինը։
«Եվրասիական ընտրություն են կատարել ԱՊՀ անդամ արդեն հինգ պետություն, և աշխարհի ևս մոտ քառասուն երկիր պաշտոնապես հայտնել է մեր ինտեգրացիոն միավորման հետ ազատ առևտրի գոտի ստեղծելու ցանկության մասին»,- ասել է Նարիշկինը, որի խոսքը մեջբերում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Թե կոնկրետ որ երկրների մասին է խոսքը, Ռուսաստանի Պետդումայի խոսնակը չի հստակեցրել։
Նա կոչ է արել Եվրասիական տնտեսական միության ստեղծման մեջ տեսնել ոչ թե «թվացյալ սպառնալիքներ», այլ «եզակի շանս, որում ռազմավարական տեսանկյունից հետաքրքրված են և՛ Եվրոպայի, և՛ Ասիայի, և՛ առհասարակ աշխարհի բոլոր ժողովուրդները»։
Եվրասիական տնտեսական միության ստեղծման մասին պայմանագիրը, որն ուժի մեջ է մտնելու 2015թ․ հունվարին, մայիսի 29-ին Աստանայում ստորագրել են Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի նախագահները։
Հոկտեմբերի 10-ին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ստորագրվեց Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանը միանալու մասին պայմանագիրը։
Civilnet











