ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ու Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին խաղաղ ատոմի ոլորտում համագործակցության շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել: Այս մասին նրանք հայտարարել են հունվարի 25-ին Դելիում բանակցությունների ավարտին կայացած մամուլի ասուլիսին, հաղորդում է Reuters-ը:
«Խաղաղ ատոմի ոլորտում համագործակցության շուրջ համաձայնագիրը մեր բանակցությունների առանցքում էր: Համաձայնագրի [կնքվել էր 2008թ. - ՍիվիլՆեթ] կնքումից վեց տարի անց մենք շարժվում ենք այդ ոլորտում առևտրային համագործակցության ուղղությամբ»,- հայտարարել է Մոդին:
«Խաղաղ ատոմի ոլորտում համագործակցության շուրջ կայացած բանակցություններում առաջընթաց ենք գրանցել: Դա թույլ կտա անցնել համաձայնագրի կատարմանը»,- նշել է Օբաման:
Նախկինում ԱՄՆ-ն համաձայնագրի կատարման համար նախապայմաններ էր դրել Հնդկաստանի առաջ, սակայն, ինչպես գրում են հնդկական լրատվամիջոցները, Մոդիի հետ բանակցությունների ընթացքում Օբաման համաձայնել է հանել միջուկային վառելիքի հանդեպ բացարձակ վերահսկողության իր նախապայմանը:
Հունվարի 25-ին Բարաք Օբաման պաշտոնական այցով ժամանել է Հնդկաստան: Օբաման այցն անվանել է երկու երկրների միջև գործընկերության «նոր էջ»: Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին, արարողակարգին հակառակ, Օբամային դիմավորել է օդանավակայանում:
Civilnet











