Գլխավոր Լրահոս

Նալբանդյանը ՄԱԿ-ում կոչ է արել սատարել ցեղասպանության կանխարգելման Հայաստանի բանաձևը

Նալբանդյանը ՄԱԿ-ում կոչ է արել սատարել ցեղասպանության կանխարգելման Հայաստանի բանաձևը
Մարտի 3-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 28-րդ նստաշրջանին։ ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդմամբ` Նալբանդյանը կարևորել է Մարդու իրավունքների խորհրդում իր ելույթը այն դիտանկյունից, որ այս տարի ողջ աշխարհում ոգեկոչվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը։ Նա նշել է, որ «առկա է միջազգային հանրության աճող համաձայնությունն առ այն, որ ցեղասպանությունների կանխարգելումը մշտապես պահանջում է քաղաքակիրթ աշխարհի մշտական ուշադրությունը և առավելագույն ջանքերը՝ առանց ստորադասելու այդ վեհ գաղափարը աշխարհաքաղաքական հաշվարկներին»: Անդրադառնալով ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ Հայաստանի ներկայացրած բանաձևին` Հայաստանի արտգործնախարարն ասել է. «Միջազգային հանրության բոլոր անդամները պետք է միասնական լինեն` ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու իրենց ջանքերում, և մենք կոչ ենք անում բոլոր անդամ-պետություններին` սատարելու այս բանաձևը, այնպես, ինչպես արվեց երկու տարի առաջ»։ Խոսելով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի մասին` Նալբանդյանը ասել է. «Ահաբեկիչների կողմից սիրիական Դեր Զոր քաղաքի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցու ավիրումը, որը Հայոց ցեղասպանության բազմաթիվ զոհերի մասունքները ամփոփող սրբատեղի էր, ցավալի, բայց, միևնույն ժամանակ, խորհրդանշական կապ է մարդկության դեմ անցյալում և այսօր գործած հանցագործությունների միջև: Հիրավի, «մարդկության դեմ հանցագործություններ» հասկացությունը, որպես այդպիսին, միջազգային իրավական համակարգ է ներմուծվել 1915թ. մայիսի 24-ին Դաշնակից տերությունների` Ռուսաստանի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի հռչակագրում, որով նրանք նախազգուշացնում էին հայ ժողովրդի դեմ իրականացվող ոճրագործությունների կազմակերպիչներին»։ ՀՀ արտգործնախարարը նշել է, որ «վերջին տարիներին Մարդու իրավունքների խորհուրդը ընդլայնել է իր աշխատանքի թեմատիկ շրջանակները՝ առավել համապարփակ արձագանքելու աշխարհի տարբեր հատվածներում մարդու իրավունքների կոպիտ խախտումներին` ուշադրություն դարձնելով ամենախոցելի խմբերի պաշտպանության հարցերին»: Նա նշել է, որ «կրոնական և էթնիկ փոքրամասնությունների պաշտպանությունը պահանջում է միջազգային հանրության արագ արձագանքը և գործողությունները, քանի որ ահաբեկչական խմբերը իրագործում են մարդու իրավունքների լայնածավալ խախտումներ»: «Մեկ շաբաթ էլ չի անցել այն օրից, երբ մենք բոլորս տեսանք սահմռկեցուցիչ տեսանյութը, թե ինչպես են այսպես կոչված «Իսլամական պետության» գրոհայինները Մոսուլի թանգարանում ավիրում 2700-ամյա հուշարձանները: Քաղաքակրթության դեմ ուղղված այս ոճիրը աղաղակող հիշեցումն է անցյալում տեղի ունեցած նմանատիպ բարբարոսությունների` Բամիանի Բուդդայի արձանների, Տիմբուկտուի դամբարանների և Նախիջևանում հայկական միջնադարյան հազարավոր խաչքարերի ոչնչացմանը»,- ասել է Նալբանդյանը: Հավելելով, որ «բարբարոսները պատերազմ են հայտարարել քաղաքակիրթ աշխարհին», նա ասել է. «Այլոց քաղաքակրթությանը պատկանող արժեքների հանդեպ անհանդուրժողականությունը, մշակութային կամ կրոնական ժառանգության վնասումը, ավիրումը պետք է վճռականորեն դատապարտվի միջազգային հանրության կողմից: Հայաստանը անվերապահորեն դատապարտել է ԻԼԻՊ-ի, Ալ Նուսրայի, այլ ահաբեկչական խմբերի կողմից իրականացված ոճրագործություններն ու վայրագությունները և կոչ է արել միջազգային հանրությանը վճռական քայլեր ձեռնարկել այս նոր արհավիրքի դեմ, թույլ չտալ, որպեսզի ահաբեկիչները օգտվեն օտարերկրյա զինյալների և ֆինանսական հոսքերից, և այլ երկրների տարածքներն օգտագործեն` հարձակումներ իրականացնելու նպատակով։ Այս համատեքստում Հայաստանը միանգամայն սատարում է ՄԱԿ Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևերի լիակատար իրականացմանը»։ Նալբանդյանը խոսել է նաև Հայաստանի երկրորդ Համընդհանուր պարբերական զեկույցի մասին` նշելով, որ «մարդու իրավունքների պաշտպանությունը մշտական և շարունակական գործընթաց է»: «Հունվարի 22-ին Հայաստանը ներկայացրեց իր երկրորդ Համընդհանուր պարբերական զեկույցը: Հայաստանի առաջին զեկույցի շրջափուլից ի վեր Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարություն և տարբեր Ազգային գործողությունների ծրագրեր են ընդունվել: Մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում գրանցվել են Հայաստանի պարտավորությունների կատարման էական դրական զարգացումներ: Միջազգային զեկույցների համաձայն` Հայաստանում գրանցվել են էական դրական ձեռքբերումներ՝ ժողովրդավարական բարեփոխումների, արդյունավետ կառավարման, մարդու իրավունքների պաշտպանության, հավաքների, խոսքի, մամուլի, համացանցի ազատության և այլ ոլորտներում»,- ասել է նա։
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում