Գլխավոր Լրահոս

Բունդեսթագում Ցեղասպանության վերաբերյալ բանաձևը քվեարկության չդրվեց

Բունդեսթագում Ցեղասպանության վերաբերյալ բանաձևը քվեարկության չդրվեց
Գերմանիայի խորհրդարանում ապրիլի 24-ի լիագումար նիստում այդպես էլ քվեարկության չդրվեց «1915/16 թթ. հայերի տեղահանության և ջարդերի մասին» բանաձևը։ Խորհրդարանական խմբացկությունները երկու ժամ տևած բանավեճից հետո ընդհանուր հայտարարի չեկան բանաձևում 1915-ի իրադարձությունների նկատմամբ «ցեղասպանություն» եզրի հստակ կիրառման շուրջ։ Բունդեսթագի նախագահ Նորբերթ Լամերթը նիստի բացման խոսքում նշեց, որ 100 տարի առաջ տեղի ունեցած պատմական իրադարձությունները հեռուն գնացող հետևանքներ են ունեցել ոչ միայն հայ-թուրքական հարևանության համար։ «Այն, ինչ առաջին համաշխարհային պատերազմի կեսերին տեղի ունեցավ Օսմանյան կայսրությունում, համաշխարհային հանրության աչքի առաջ, ցեղասպանություն էր»,- իր խոսքում նշեց Լամերթը` կանցլեր Անգելա Մերկելի «Քրիստոնեա-դեմոկրատական միությունից»։ Նա կոչ արեց Թուրքիային առերեսվել իր պատմության մութ էջերի հետ և ստանձնել հայերի զանգվածային ոչնչացման պատասխանատվությունը։ Լամերթը Գերմանիային նույնպես կոչ արեց ընդունել մեղքի իր բաժինը։ Ըստ նրա` գերմանացիները տեղյակ էին, թե ինչ է տեղի ունենում, սակայն չմիջամտեցին, քանի որ Օսմանյան կայսրության դաշնակիցն էին Առաջին աշխարհամարտում։ «Օրհան Փամուկն ու Հրանտ Դինքն արժանի են, որ այսօր ստանան մեր աջակցությունը, և նրանք դրա կարիքը ունեն նաև»,- իր ելույթն ամփոփեց Բունդեսթագի նախագահը։ Իշխող կոալիցիայի անդամ Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը ներկայացնող Գերնոթ Էրլերը հայ-թուրքական հաշտեցման կոչ հնչեցրեց։ «Առանց երկու կողմերի հաշտեցման ազնիվ ու լուրջ գործընթացի` երկու երկրում էլ չի հաջողվելու հաղթահարել անցյալի տառապանքն ու ազատվել պատմական ցավի կապանքներից»,- նշեց Էրլերը։ Բունդեսթագում ընդդիմադիր խմբակցությունները քննադատեցին հայտարարության՝ կառավարական խմբակցությունների տարբերակը` այն համարելով ոչ բավարար։ Ձախերին ներկայացնող Ուլա Յելպկեն իշխող կոալիցիային մեղադրեց Թուրքիային անհրաժեշտ եղածից շատ ուշադրություն հատկացնելու մեջ։ Կանաչների ղեկավար Ջեմ Օզդեմիրը նույնպես քննադատեց դաշնային կառավարությանը «ցեղասպանություն» եզրը կիրառելուց խուսափելու համար։ Բունդեսթագում իշխող կոալիցիայի ներկայացված բանաձևի նախագծում նշվում էր, որ Հայերի «ճակատագիրը 20-րդ դարում իրականացված զանգվածային բնաջնջման, էթնիկ զտումների, տեղահանումների, ինչպես նաև ցեղասպանության օրինակ է»: Գերմանիայի խորհրդարանի այսօրվա նիստում բանավեճից հետո բանաձևը հետ ուղարկվեց Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողով` հետագա քննարկման։ Բանաձևի միասնական տարբերակը նախատեսվում է ընդունել մինչև ամառ, գրում է գերմանական DieWelt պարբերականը։
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում