Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Ատամբաևը մայիսի 21-ին ստորագրել է Ղրղզստանի` Եվրասիական տնտեսական միությանը միանալու պայմանագրի վավերացման մասին օրենքը: Այս մասին հաղորդում է ղրղզական «Երեկոյան Բիշքեկ» լրատվական կայքը:
«Սա նշանակալի օր է, մենք ավարտում ենք ԵՏՄ-ին միանալու ներպետական բոլոր ընթացակարգերը: Համաձայնեցված է հազար էջ փաստաթուղթ: Ես կցանկանայի շնորհակալություն հայտնել մեր խորհրդարանին ու կառավարությանը հսկայական աշխատանքի համար: Ես տեսա, թե մեր շարքային աշխատողները, մասնագետները, ստանալով գրոշներ, ինչպես էին պայքարում արձանագրություններում յուրաքանչյուր տողի համար»,- ասել է Ղրղզստանի նախագահը:
Նրա խոսքով` «դա ցույց է տվել, որ շատ պաշտոնյաներ մտածում են իրենց երկրի մասին` պաշտպանելով ամեն տառն ու թիվը»: «Մենք հաշվի ենք առել հիմնական ռիսկերը, Եվրասիական միության անդամներն ըմբռնումով են մոտեցել դրանց: Մեզ աջակցեցին` հատկապես վերջին նիստին: Արդյունքում մենք ստացանք լավ արտոնություններ»,- նշել է Ատամբաևը:
Նա նաև հավելել է, որ սա Ղրղզստանի համար շանս է` սպեկուլյատիվից անցնելու իրական տնտեսության:
Ղրղզստանի` ԵՏՄ-ին միանալու պայմանագիրը ստորագրվել էր 2014թ. դեկտեմբերին` Մոսկվայում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին: Մայիսի 8-ին ԵՏՄ երկրների ղեկավարները ստորագրել էին պայմանագրին կից արձանագրությունները: Ղրղզստանի փաստացի անդամակցության գործընթացը կավարտվի ԵՏՄ բոլոր անդամների կողմից ներքին վավերացման ընթացակարգերի ավարտից հետո:
ԵՏՄ-ն սկսել է գործել 2015թ. հունվարի 1-ից: Հայաստանը պաշտոնապես միությանը միացել է հունվարի 2-ից:
Civilnet











